Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կա 22 սահմանափակ կարողություններով երեխա։ Երեխաները հիմնականում տանն են, քանի որ Ախալքալաքում չկա այնպիսի կենտրոն՝ համապատասխան մասնագետներով ու շենքային պայմաններով, որպեսզի զբաղվեն երեխաների ֆիզիկական զարգացմամբ և օգնեն ինտեգրվել հասարակությանը։
Խոսելով սահմանափակ կարողություններով երեխաների ծնողների հետ, պարզեցինք, որ նրանց համար ամենամեծ խոչընդոտը հեռավորությունն է:
Լոմատուրցխ գյուղում բնակվող երեխան ունի տեղաշարժի խնդիր: Նա արդեն 7 տարեկան է, սովորելու, կրթություն ստանալու հետ խնդիրներ չունի, հաճախում է դպրոց։ Երբ սահմանները բաց են եղել, ծնողները նրան Ռուսաստան են տարել, բուժման նպատակով։
«Ցավոք սրտի այստեղ չկա որևիցե մի կենտրոն, որտեղ կհաճախեր երեխաս, անցած տարի Ռուսաստանում վիրահատություններ արեցինք, բավականին մեծ փոփոխություն եղավ, հետվիրահատական շրջանն անցնի, հավանաբար արտերկրում բուժում հնարավոր լինի շարունակել։ Ախալցիխեում հարմար չէ, չեմ կարող մի երեխայիս թողնել այստեղ դպրոցում, մյուսին Ախալցիխե տանել։ Եթե Ախալքալաքում լինի նմանատիպ կենտրոն, մեծ սիրով կհաճախենք»,- ասում է սահմանափակ կարողություններով երեխայի ծնողը:
«Ախալցիխե չենք կարողացել գնալ, ֆինանսական և տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։ Երեխաս դաունի սինդրոմ ունի, ես այստեղ նրան լոգոպետի եմ տանում, սակայն նրա հետ միշտ է պետք զբաղվել է պետք: Ես չեմ կարող կարող նրա հետ նորմալ աշխատել, ինչքան էլ ուզենամ, միևնույն է մասնագետի կարիքը շատ-շատ է զգացվում»,- ասում է Գոման գյուղում բնակվող երեխայի ծնողը:
«Մեր երեխան ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ լսում է, բայց ոչ խոսում է, ոչ էլ քայլում, եթե ձեռքից բռնենք կքայլի։ Տանում էինք վերականգնողական կենտրոն՝ Երևանում ու Ռուսաստանում։ Արդեն երկրորդ տարին է չենք կարողանում տանել։ Երեխան այդ հիվանդությունը ի ծնե չի ունեցել։ Մենք հիմա ուզում ենք, որ երեխայի հետ հոգեբանը զբաղվի։ Եթե տեղում Կենտրոն լինի շատ կուզենանք, որ հաճախի»,- ասում է Կարտիկամ գյուղից մեկ այլ երեխայի խնամակալը։
Ախալքալաքում սահմանափակ կարողություններով երեխաների համար Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործում է վերականգնողական կենտրոն: Ներկա դրությամբ կենտրոն է հաճախում 10 հոգի՝ դեռահաս և մեծահասակ։ Հաճախող երեխաները հիմնականում ունեն մտավոր հետամնացութուն։
Հարկ է նշել, որ Ախալքալաք քաղաքը հարմարեցված չէ այդպիսի անձանց տեղաշարժի համար։
Վրաստանի «Պորտիջ» ասոցիացիան 2017 թվականից Ախալցիխում իրականացնում է վաղ մանկության զարգացման ծրագիր, որի նպատակն է 0-7 տարեկան, թերզարգացած և տարբեր կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ աշխատանք տանել՝ ուժեղացնել նրանց, խթանել զարգացմանը և օգնել սոցիալական ինտեգրմանը։
2021 թվականից կենտրոնն արդեն ունի հայոց լեզվին տիրապետող մասնագետ, ում «Պորտիջ» ասոցիացիան հատուկ վերապատրաստել է, որպեսզի հայախոս երեխաները և նրանց ընտանիքները նույնպես կարողանան մասնակցել ծրագրին և ծառայություններ ստանալ իրենց լեզվով:
Սակայն Ախալքալաքում ապրող երեխաների համար հարմար չէ հասնել մինչև Ախալցիխե։