«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի թեկնածուն հանդիպումներ է անցկացնում Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղերում: Հերթական հանդիպումը անցավ Մեծ Խորենիա գյուղում:
Սեպտեմբերի 2-ին Մեծ Խորենիայում հավաքվածները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը՝ շեշտելով բեռնատարների անցումը գյուղամիջով և ջուր չունենալու խնդիրը։
Մեծ Խորենիայում հավաքվեցին մոտ 30 բնակիչ, ովքեր մեկը մյուսի հետևից հարցեր էին բարձրացնում՝ հույս չունենալով, որ դրանք երբևէ կստանան որոշոկի լուծում։
«Սա քարոզարշավ չէ, ուղղակի եկանք գյուղ, հանդիպեցինք բնակիչներին, իմացանք նրանց հուզող հարցերը։ Խնդիրներ բոլոր գյուղերում էլ կան, բայց Մեծ Խորենիայի խնդիրը ամենամեծն է։ Գոյություն ունեն խնդիրներ, որ հնարավոր լուծում ունեն, բայց չեն լուծված, իսկ այս գյուղի խնդիրների լուծման սկիզբը չի երևում։ Գյուղերում բնակիչները հույսերը կորցրած են, ոչ մեկին չեն հավատում»,- մեզ հետ զրույցում ասաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանը։
Հանդիպումը անցկացվեց բավականին մտերմիկ միջավայրում, հավաքվածները միայն գյուղի տղամարդիկ էին,և չնայած գյուղում գոյություն ունեցած խնդիրներին, բավականին շահագրգռված էին ընտրություններով։ Փոխադարձ հարց-պատասխաներից հետո գյուղի տարեց բնակիչներից մեկը, ով ամբողջ ընթացքին լուռ հետևում էր, հարցրեց՝ «Հիմա կարո՞ղ ենք Սահակաշվիլուն հետ բերել, էտ ասեք»։
«Մեզ շատ լավ են ընդունում, քանի-որ մենք խոստումներ չենք տալիս, ինչպես ասել էինք միայն գործ է լինելու։ Այս մարդիկ առաջին անգամը չէ որ ընտրության են մասնակցում, իմ նման հազարավորներին են իմացել ու ճանապարհել, դրա համար մենք հստակ ասում ենք այն, ինչ կարող ենք անել և այն, ինչ չենք կարող անել, դրանից հետո մարդիկ իրենք կորոշեն, ում արժե ընտրել»,- ասաց Արսեն Կարապետյանը։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մինչև այսօր այցելել է 20 գյուղ, սակայն Արսեն Կարապետյանը հավաստիացրեց, որ անպայման այցելելու են բոլոր գյուղերը, և մեծ է ցանկությունը, որ յուրաքանչյուր գյուղ 2 անգամ այցելեն։
Ջուլիետա Տոնականյան