«Վրացական երազանքը» դարձավ բացարձակ առաջատարը՝ նախընտրական շրջանում ստացված նվիրատվությունների քանակի առումով: Այս տարի իշխող կուսակցությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է ավելի քան 17 միլիոն լարի (մոտ 5,3 միլիոն դոլար): Սրանք Transparency International Georgia (TI-Georgia) հասարակական կազմակերպության միջանկյալ զեկույցի տվյալներն են:
Վրաստանում վաղը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակցում է 48 կուսակցություն և երկու ընտրական դաշինք: TI-Georgia ֆինանսավորման ուսումնասիրությունն ընդգրկում է հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը: Այս ընթացքում նվիրատվություններ են ստացել 50 ընտրական սուբյեկտներից 29-ը: Դրանց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 35,3 միլիոն լարի (ավելի քան 10,9 միլիոն դոլար):
Հետաքրքիր է, որ այս գումարի 98%-ը նվիրաբերվել են ֆիզիկական անձանց կողմից, իսկ մնացած 2%-ը իրավաբանական անձանց նվիրատվություններն են: Միևնույն ժամանակ, նվիրատուների գրեթե մեկ երրորդը նվիրատվություն է կատարել, որի չափը գերազանցում է Վրաստանում միջին տարեկան աշխատավարձը՝ 11 040 լարի (3,4 հազար դոլար):
Նվիրատվությունների ստացված առաջին եռյակը հետևյալ տեսքն ունի.
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 17 086 626 լարի,
«Լելոն հանուն Վրաստանի»՝ 5,075,844 լարի (ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար),
«ՄԱՇ-Ուժը միասնության մեջ է»՝ 3 735 583 լարի (ավելի քան 1,1 միլիոն դոլար):
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ընդհանուր նվիրատվությունների 48%-ը ստացել է իշխող կուսակցությունը: Հետաքրքիր է, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքի» նվիրատվությունների տեսակարար կշիռը 66% էր, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ 2017 թ.-ին` 88%:
TI-Georgia–ն իշխող և այլ կուսակցությունների կողմից ստացված նվիրատվությունների ծավալների միջև տարբերության կրճատումը բացատրում է հետևյալ կերպ. Ավանդաբար ֆինանսապես ուժեղ կուսակցությունների ցուցակում ներառվել են «Լելոն հանուն Վրաստանի» և «Գիորգի Վաշաձե-Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընտրական դաշինքը:
ՀԿ-ները հայտնում են, որ մի քանի ընկերություններ կապված են իշխող կուսակցության նվիրատուների հետ, որոնք 2020 թվականին շահել են մրցույթներ` ընդհանուր առմամբ 47 միլիոն լարի (ավելի քան 14,5 միլիոն դոլար): Տարեսկզբից այս նվիրատուները նվիրատվությունների տեսքով «Վրացական երազանք»–ին փոխանցել են 1,3 միլիոն լարի (ավելի քան 403,1 հազար դոլար):
Իշխող կուսակցությունը նվիրատուներից ստացել է ևս 2,2 միլիոն լարի (682,2 հազար դոլար), որոնք կապված են պարզ գնումների պայմանագրեր շահած ընկերությունների հետ: Առանձին նշվում է «Կղվարլիս Էդեմի» ընկերությունը, որի համասեփականատերը Ալեքսանդր Իվանիշվիլին է, Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը:
Ըստ ուսումնասիրության՝ կուսակցությունների ակտիվ դոնորները մեծամասնական ընտրակարգով պատգամավորի իրենց սեփական թեկնածուներն են: Օրինակ. «Վրացական երազանքի» 30 մեծամասնական թեկնածուներից յոթը (ներառյալ նրանց ընտանիքի անդամները և բիզնես գործընկերները) ավելի քան 1 միլիոն լարի (321,6 հազար դոլար) են նվիրաբերել իշխող կուսակցությանը, ինչը կազմում է տարվա սկզբից ստացված նվիրատվությունների ընդհանուր ծավալի 6%-ը:
«Մեծամասնական բոլոր յոթ թեկնածուներն ունեն խոշոր բիզնեսներ և ինչ-որ կերպ կապված են 127 ընկերությունների հետ: Այս թեկնածուներն են՝ Զաալ Դուգլաձեն, Անտոն Օբոլաշվիլին, Գոչա Էնուքիձեն, Զազա Լոմինաձեն, Իրակլի Խախուբիան, Դավիթ Սոնղուլաշվիլին և Վասիլ Չիգոգիձեն», – ասված է զեկույցում:
«ՄԱՇ-Ուժը միասնության մեջ է»-ի մեծամասնական ընտրակարգով 15 թեկնածուները և նրանց հետ կապված անձինք կոալիցիային նվիրաբերել են ավելի քան 565,6 հազար լարի (175,4 հազար դոլար), ինչը կազմում է տարվա սկզբից ստացված նվիրատվությունների ընդհանուր ծավալի 15,1%-ը: