Այսօր, սեպտեմբերի 19-ին Ախալքալաքում էր միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Դիլիսկա, Կուլիկամ գյուղերում և Ախալքալաքում նա հանդիպեց բնակչության հետ և կոչ արեց հոկտեմբերի 28-ին քվեարկել «5» համարի օգտին:

grigol

Առավոտյան 5 տասնյակից ավելի մեքենաների ուղեկցությամբ Վաշաձեն եղավ Կուլիկամ և Դիլիսկա գյուղերում: Գյուղամեջում հանդիպեց ընտրողների հետ, խոսեց նրանց անհանգստացնող խնդիրների մասին և վստահություն հայտնեց, որ ընտրության օրը մարդիկ ճիշտ որոշում կընդունեն և կքվեարկեն հանուն Վրաստանի առաջընթացի:

Գրիգոլ Վաշաձեն 2018 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններին թեկնածու է առաջադրված 10 ընդդիմադիր կուսակցության «Քաղաքացիական շարժում – Ուժը միասնության մեջ է» միավորման կողմից:

qarozarshav1

Ախալքալաք քաղաքում Վաշաձեի հետ հանդիպման էին եկել 300-ից ավելի մարդ: Դահլիճում նստածների մեծամասնությունը տղամարդիկ էին: Թեկնածուն դա նկատեց և դիմելով կանանց ասաց. «Ձեր դերը շատ կարևոր է մեր երկրի բարգավաճման գործում, ակտիվ եղեք ու մասնակցեք»:

6

Վրաստանի նախագահի ընդդիմության թեկնածուն Ախալքալաքում վստահություն հայտնեց, որ իրենք հաղթել են հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրությունները և կոչ արեց քվեարկության գնալ ընտանիքի անդամների, բարեկամների ու ընկերների հետ:

«Հակառակը չի կարող լինել, Վրաստանի քաղաքացին անկախ ազգային, կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից, հայ, վրացի, ռուս, ուկրաինացի, հրեա բացարձակ կապ չունի բոլորը հավասար են: Մեր ամենագլխավոր հարստությունը մեր քաղաքացիներն են», – նշեց Վաշաձեն:

5

Նախագահի թեկնածուն խոսեց նաև «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականությունից, մասնավորապես մի քանի թվային մեջբերումներ անելով երկրի պաշտոնական վիճակագրությունից:

«Արդեն 6 տարի է մեզ ասում են, որ 4 տարի անց Վրաստանը Շվեցարիա կդառա, ամեն ինչ հիանալի է, դուք ձեր գրպանի պարունակությունից կզգաք բարեկեցությունը: Այսօր 150 000 երեխա Վրաաստանում սոված է քնում, 1 միլիոն քաղաքացի աղքատ է ապրում կամ աղքատության եզրին է: Ամեն 3-րդ մարդը Վրաստանում աշխատանք չունի, 53 տոկոս աճել է կրիմինալը, սրանք պաշտոնական տվյալներ են»:

vashadze grigol

Քարոզարշավին Վաշաձեն խոսեց վերջին ժամանակներս երկրում ամենաշատ քննարկվող մարիխուանայի օրինականացման վատ հետևանքների մասին:
«Երիտասարդությունը հեռանում է երկրից, սա քիչ էր, հիմա էլ մեր երիտասարդներին մարիխուանայով են կերակրում, մենք սրան պետք է ոչ ասենք, խաղողի երկիրը փոխարինում են մարիխուանայով: Ես կարող եմ ասել, որ ոչ մի գրամ մարիխուանա չի արտահանվի, սա ներքին օգտագործման համար է, սա երիտասարդությանը վերացնելու ձև է: Հենց մենք իշխանության գանք, հենց մենք պաշտպանենք մեր հաղթանակը, բյուջեն այնպես կբաշխենք, որ գումարը առաջինը քաղաքացու գրպանը մտնի առանց միջնորդի, թոշակները կբարձրանա 400 լարի»:

qarozarshav2

Գրիգոլ Վաշաձեն անդրադարձավ նաև Վրաստանի կրթական ոլորտի բացթողումներին և բնակիչներին խոստացավ իրեն ընտրելու դեպքում ուսուցչի աշխատավարձը մինիմում հասցնել 1000 լարիի:

«Այսօր մեր դպրոցները երեխաներին չեն պատրաստում 21-րդ դարի տնտեսությանը համապատասխան: Մեզ պետք են ուժեղ ուսուցիչներ, ով կստանա բարձր նվազագույնը 1000 լարի աշխատավարձ: Մենք, միավորված ընդդիմությունս իշխանության գալով Վրաստանում վերջ կդնենք քաղաքական հետապնդումներին, քաղաքական ոստիկանությանը, քաղաքացին իրավունք ունի անձնական կյանքի ու ունեցվածքի անձեռնամխելիության: Մենք առաջ կգնանք այս կարգախոսերով, արդարության իրավունքով: Վրաստանի քաղաքացու, անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից, նրա համար պետք է լինի երկու Աստված՝ երկրի սահմանադրությունն ու օրենսդրությունը», – եզրափակեց Գրիգոլ Վաշաձեն:

Աղունիկ Այվազյան