«Եվրոպական Վրաստան» կուսակցությունից Տուրցխի ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածուն տեսանկարահանում է կատարել ընտրատեղամասի հարևանությամբ գտնվող սենյակում, որտեղ պատերի վրա փակցված են ընտրացուցակները: Նա պնդում է, որ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը, նույն ինքը՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորության թեկնածուն, ազդում է ընտրողների ընտրության վրա:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքապետի ներկայացուցիչը, պատգամավորության թեկնածու Աննա Ղևենյանը նստած թիվ 59 ընտրատեղամասի պատերին փակցված ընտրացուցակների սենյակում և ինչ-որ բան է նշում թերթերի վրա: Տեսանյութը նկարահանող «Եվրոպական Վրաստանից» պատգամավորի թեկնածու Գագիկ Ալբերտյանը կոչ է անում բոլորին լքել ընտրատեղամասի տարածքը:

Գագիկ Ալբերտյանը, ինչպես ասաց Jnews-ի հետ հեռախոսազրույցում, գնացել է ընտրատեղամաս` իր ընտրությունը կատարելու: Նա նկատել է, որ «Վրացական երազանք»-ի մոտ 40-50 քարոզիչներ գտնվում են ընտրատեղամասի տարածքում և «օգնում» են գյուղացիներին կատարել իրենց ընտրությունը:

«Ես նրանց երկու անգամ ասացի, որ բոլորը պետք է լքեն տարածքը և դուրս գան, երբ ես հասկացա, որ ինձ չեն լսում, ես սկսեցի տեսանկարահանել, այդ պահին շատերը դուրս եկան, բայց Աննա Ղևենյանը նստած էր այնտեղ և նշում էր ընտրողներին, բոլոր գյուղացիների առջև նա դնում էր՝ կամ պլյուս, կամ մինուս: Նա կամ ինքն էր շփվում ընտրողների հետ՝ ասելով, որ ինքը նշում է իր մոտ, պլյուս դնի, թե ոչ, կամ այլ քարոզիչներն են խոսում ընտրողների հետ: Մեկը խանութի աշխատակից է, մյուսը` էլի ինչ-որ մեկն է, նրանք հավանաբար յուրաքանչյուրի հետ ունեն կոնկրետ թեմա: Ոմանց հիշեցնում են, ոմանց պարտադրում», – ասաց Գագիկ Ալբերտյանը:

Նա դիմել է նաեւ Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին, որպեսզի վերջինս բոլորին դուրս հանի: Ալբերտյանի խոսքով, Տուրցխում կան «Երազանքի» 40-50 քարոզիչներ, որոնք այժմ գտնվում են ընտրատարածքի ցանկապատից այն կողմ, և նրանք պարտադիր մոտենում են ընտրողներին և հարցնում նրանց տրամադրվածության մասին: Ընտրողի վրա ներգործելու համար նրանք մոտենում են ընտրացուցակներով:

Ինքը՝ Աննա Ղևենյանը, Jnews-ի հետ զրույցում ասաց, որ իր ընտրությունը կատարելուց հետո 10 րոպե գտնվել է ընտրատեղամասի տարածքում: Նա փոքր-ինչ մնացել է տեղում, ինչպես ինքն է ասում՝ օգնելու մարդկանց գտնել իրենց ընտրական համարները: Նա պնդում է, որ տեսանկարահանման ժամանակ իր մոտ եղած թերթերը ոչ թե ընտրացուցակներ են, այլ պարզապես դրանցում եղել են 4 վարորդի հեռախոսահամար:

«Ես ունեի մի թերթ, այնտեղ չորս վարորդի համար էր: Մեկը տեղափոխում է շարժական քվեատուփը, մյուսը՝ մերն է, մեր ընտանեկան մեքենան, որը, եթե, օրինակ, տարեցները ցանկանում են գալ տեղամաս, բայց չեն կարողանում, վարորդը բերում է նրանց: Այնտեղ արտասովոր ոչինչ չկար», – ասաց նա:

Տեսագրությունը կատարվել է ժամը 12:00-ին, որից հետո ոստիկանները եկել են դեպքի վայր, իսկ քարոզիչներն ընտրատեղամասի տարածքից տեղափոխվել են ցանկապատի մյուս կողմը: 13:00-ին մեր լրագրողներն այցելեցին այդ ընտրատեղամաս՝ հենց այն պահին, երբ Աննա Ղևենյանը մեկնում էր այնտեղից: Քարոզիչներ չկային:

Նշենք, որ Ախալքալաքի թիվ 59 ընտրատեղամասում, Տուրցխ գյուղում, գրանցված է 583 ընտրող: Ընտրատեղամասը ստացել է 500 քվեաթերթիկ, իսկ ժամը 12:00-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկել էր 93 ընտրող: