Մեծ Խորենիա գյուղի բնակիչները դեմ են, որ իրենց գյուղի կամուրջի վրայով երթևեկեն ավազով բեռնված բեռնատարները, քանի որ վախենում են, որ գյուղը շրջանին կապող կամուրջը կփլվի: Մոտակայքում գտնվող ավազահանքի ժամանակավոր սեփականատերը պայքարում է, որ այդտեղով դուրս բերի ավազը:
Մեկ շաբաթից ավելի է ինչ Խորենիա գյուղի բնակիչները քուն ու դադար չունեն: Նրանք յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում են՝ «այսօր ի՞նչ է լինելու, ու՞մ են վախեցնելու» խոսքերով: Բնակիչների մտահոգությունն իր բացադրությունն ունի: Բանն այն է, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում գտնվող ավազահանքից ավազ տանող բեռնատար մեքենաները սկսել են անցնել գյուղամիջյան ճանապարհով: Իսկ խորենեցիները վախենում են, որ գյուղի միակ կամուրջը (կառուցված դեռևս 1962 թվականին) կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ: Բնակիչները կանգնում են բեռնատարների առջև, չթողնելով նրանց անցնել, իսկ ոստիկանները, տուգանքների և այլ միջոցներով վախեցնում են բնակիչներին, որպեսզի նրանք չխոչընդոտեն բեռնատարների երթևեկությունը:
«Այս պատմությունը նոր չի ստեղծվել, արդեն 7-8 տարի է գյուղը պայքարում է կամազների դեմ: Ավազահանքը գտնվում է Թորիա գյուղում, իրենք չկարողացան ճանապարհ գտնել, Թորիայի միջով չթողին, Ղաուրմայի միջով չթողին, Կարտիկամի՝ բավրացիները չթողին, մարտունեցիները չթողին, այսօրվա դրությամբ ուզում են մեր գյուղով տանեն»,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակիչը:
Գյուղի տարեց բնակչի խոսքով, 23 լույս 24-ի գիշերը ոստիկանները տուգանքի կտրոն են բաժանել այն 5 խորենեցիների, ովքեր տեղական հեռուստատեսությանը հարցազրույց են տվել և իրենց խոսքում նշել են, որ փակել են բեռնատարների ճանապարհը (այդ իսկ պատճառով մենք չենք հրապարակում մեր զրուցակիցների անունները):
Տուգանված երիտասարդներից մեկի մայրը ոստիկաններին տեսնելով վատացել է, ճնշումը բարձրացել է և նա սկսել է դողալ:
«Ոստիկանները եկան, եղբորս դուրս կանչեցին, մայրս վատացավ, շտապօգնություն զանգեցինք, որն էլ 2 ժամ ուշ եկավ: Ոստիկանները մի թուղթ տվեցին վրացերենով, ասացինք չենք հասկանում թարգմանեք, որ ստորագրենք: Չթարգմանեցին, մենք էլ չվերցրեցինք, ինչ գիտենանք ինչ թուղթ է»,- ասաց այն երիտասարդի քույրը, ում անունով տուգանք են գրել:
Գյուղի բնակիչները ոստիկանության կողմից նման քայլերը ընկալում են, որպես իրենց դեմ դավադրություն:
«Այսօր ոստիկանապետի տեղակալն էր եկել, ասի արի տես էդ կնոջ վիճակն ինչ է, եթե մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու»,- ասաց գյուղի տարեց բնակիչը:
Հունիսի 26-ին հերթական անգամ խորենեցիները հավաքվեցին, որպեսզի չթողնեն բեռնատարներին անցնել գյուղի միջով: Գյուղի կանայք տղամարդկանց կողքին կանգնած պայքարում էին: Արդյունքում գործը հասավ լեզվակռվի և վիրավորանքների:
Առանց մեկնաբանության ներկայացնում ենք որոշ կադրեր հունիսի 26-ի Խորենիայի իրադարձություններից:
«Կամազներին չենք թողնում անցնեն, իսկ ոստիկանները գալիս վախեցնում են, ասում են, չես թողնում, մեքենան վրայիցդ կանցնի: 2 հոգի փող են վաստակում, իսկ 800 հոգի տուժում», – ասաց մի կին:
Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի մոտ գտնվող ավազահանքը Վրաստանի կառավարությունը ժամանակավոր սեփականության է հանձնել Հարություն Խաչատրյանին: Վերջինս մինչև սեպտեմբեր ամիս հանքը շահագործելու իրավունք ունի: Արդեն 7 տարի է Հարություն Խաչատրյանը շահագործում է ավազահանքը: Սկզբից հինգ տարով է իրավունք ստացել հանքը շահագործելու, այնուհետև՝ երկու:
«6 տարի է նույն պատմությունն է, չեն թողնում աշխատել: Տարեկան 15-20 օր եմ աշխատել, միշտ այսպես են անում: Գյուղից էլ, սարով էլ ճանապարհ կա: Սարի ճանապարհն անանցանելի է, մասնագետները գնահատեցին, որ ճանապարհը պիտանի չէ երթևեկության համար: Հենց անձրև է գալիս անհնար է անցնել, մեքենան խրվում է: Լսեցեք, եթե հնարավոր լիներ այլ ճանապարհով տանել, ինձ հաճելի չէ այսքան վիրավորանքները լսել: Ինչքան ավազ կա ծախեմ, չեմ կարող այդ ճանապարհը սարքել», – ասաց Հարություն Խաչատրյանը:
Մեծ Խորենիայի գյուղամիջյան ճանապարհի երկարությունը ավազահանքից մինչև Ախալքալաք 15 կմ, իսկ գյուղը շրջանցող հողային ճանապարհով՝ 10 կմ, սակայն վերջինս այսօրվա դրությամբ անանցանելի է դարձել:
Բեռնատարի դեմ կանգնած կանայք ասում են, որ մի ճանապարհ տվել են, իսկ գյուղի միակ ճանապարհը չեն թույլ տա շարքից հանելու:
«Կամուրջը ի սկզբանե կառուցել են սայլի և մարդատար մեքենաների համար, հիմքերը արդեն քանդվել է, եթե մի ամիս էլ մեքենաները բեռնված անցեն՝ կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ: Հին ճանապարհը տվինք իրենց, քանդեցին: Հիմա ուզում են կամուրջը քանդեն», – ասաց մի կին:
Բնակիչները դիմել են տարբեր ատյաններ. տեղական իշխանության, ՆԳՆ, նահանգապետարան: Նահանգապետը խոստացել է օգնել հարցը կարգավորել, և այսօր խորենեցիները սպասում են նրա գործողություններին:
Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղը վերջին մարդահամարի տվյալներով 611 բնակիչ ունի: Այս գյուղը կարելի է ասել շրջանի եզակի գյուղերից մեկն է, որ արտագաղթը չի դատարկել: Չնայած գյուղում ապրելը բարդ է, այնուամենայնիվ մարդիկ կառչած են սեփական հողին:
Անցյալ տարի գյուղացիք փող են հավաքել գյուղամիջյան ճանապարհները հարթեցնելու համար, քանի որ ճանապարհների պատճառով նույնիսկ շտապօգնույթան մեքենաները և տաքսիները խուսափել են գյուղ գալ:
Իսկ մինչ այդ գյուղում տիրում է լարված մթնոլորտ: Յուրաքանչուր անծանոթ մեքենայի գյուղի բնակիչները մանրակրկիտ ուսումնասիրում են: Նրանք սեփական անվտանգության համար, ամեն ինչ ու բոլորին տեսանկարահանում են, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական իրավունքները: Մեր խոսակցությունը ևս ձայնագրվում էր:
Աղունիկ Այվազյան