Ախալքալաքի քաղաքապետարանը 100 տոկոսով, առավելագույնը մինչև 1500 լարի կֆինանսավորի սահմանափակ հնարավորություններով երեխաների հիվանդությունների բուժման համար:
Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Սոցիալական ծառայության Առողջապահության ծրագիրը փոփոխվել է, արդյունքում մի շարք նոր կետեր են ավելացել: Սույն ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաների կարիքներին:
«Այս ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաներին, որովհետև, այսօրվա դրությամբ հասարակության ամենաչպաշտպանված շերտը հենց նրանք են: Դրա համար նրանց հիվանդությունները մենք կֆինանսավորենք 100 տոկոսով, մինչև 1500 լարի», – մեզ հետ զրույցում նշեց Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չթչյանը:
Վերջինս միաժամանակ ավելացնում է, կարիքը կար փոփոխել առողջապահության փաթեթը:
«Կարիքը կա այս փոփոխությունների, որովհետև այդ երեխաների հետ հետևողական աշխատելու դեպքում մենք 10 տարի հետո կարող ենք ունենալ հավասար հնարավորություններով մարդիկ», – ասաց Կլիմենտ Չթչյանը:
Հաշմանդամների համար ավելացել է կոնկրետ կատեգորիաներ, օրինակ. ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեցողների, աուտիզմով, դաունի սինդրոմով, տեսողական խնդիներ ունեցողների կոնկրետ չափորոշիչներ են սահմանվել:
Ախալքալաքի Սոցիալական ծառայության առողջապահության փոփոխված ծրագրում առանձին կետ է ավելացել, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաները տարեկան միանվագ աջակցություն կստանան 200-ական լարի:
Այսօրվա դրությամբ Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության առողջապահության փոփոխված փաթեթի համար հատկացվել է 140 000 լարի, սակայն անհրաժեշտության դեպքում գումարը հնարավոր է ավելացնել՝ տեղական բյուջեում համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո:
Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնի ծրագրի փոփոխությունների թվում էր նաև ավելացած միանվագ նպաստը նորածին երեխաների համար:
Աղունիկ Այվազյան