Աճուրդների eauction.ge կայքում, 2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում, վաճառքի էր հանվել 21 օբյեկտ, որոնց մեծ մասն առաջին անգամ չէր որ վաճառքի էր հանվում: Ոչ գյուղատնտեսական նշանակության 21 հողամասերից 17-ի աճուրդները նշվել են որպես չկայացած: Վաճառվել է ընդամենը 4 օբյեկտ՝ 1 բնակելի շենք և 3 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս:
Անցյալ տարվա նոյեմբերին, Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Պետական գույքի ազգային գործակալությունն աճուրդի էին հանել պետական հաշվեկշռում հաշվառված 100 օբյեկտ: Պետության այս քայլն ուղղված էր Վրաստանի տնտեսության և ազգային արժույթի ամրապնդմանը:
Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագծի շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի էր հանել Ախալքալաքում գտնվող 11 պետական օբյեկտ, հիմնականում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Այդ ժամանակ մեկ օբյեկտ տրվում էր վարձակալության, մեկ օբյեկտ գյուղատնտեսական նշանակության էր, իսկ մնացած 9-ը` ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր:
Ախալքալաքի մունիցիպալիտետի օբյեկտների մեծ մասը չի վաճառվել, չնայած դրանք վաճառքի էին հանվել երկու-երեք անգամ, իսկ մի քանիսը գնվել էին, բայց հետո աճուրդների կայքում նշվել էին որպես «չկայացած»: Այս աճուրդներից շատերը կրկնվել էին այս տարի, բայց կրկին աննշան արդյունքով: