Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ախալքալաքում հանդիպումներ է անցկացնում Վրաստանի կառավարության կողմից Շրջանակային կոնվենցիայի իրականացման մոնիտորինգի շրջանակներում:
Այսօր Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում 4 հոգուց բաղկացած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն հանդիպում ունեցավ Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սամցխե-Ջավախք կատարած այցի շրջանակներում Կոմիտեն հանդիպումներ է անցկացնում նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների, Հանրային պաշտպանի, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող այլ խմբերի հետ: Հանձնաժողովը հավաքում է տեղեկատվություն, որպեսզի գնահատի Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակը և իմպլեմենտացիան` իրենց ներկայացուցիչներից անմիջապես տեղեկատվություն ստանալու միջոցով:
Սա Եվրախորհրդի երրորդ դիտարկումն է: Կոմիտեի հանդիպումները կընթանան 5 օր, սակայն զեկույցը պատրաստ կլինի մինչեւ 2019 թ-ի մարտ ամիսը:
«Այցը մոնիտորինգի գործընթացի ավարտը չէ: Այնուհետեւ մենք կապ ենք պահպանում յուրաքանչյուրի հետ, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, Հանրային պաշտպանի գրասենյակի հետ, բոլոր ՀԿ-ների հետ` տեղեկատվություն հավաքելու, այն ստուգելու եւ հնարավորինս օբյեկտիվորեն զեկույց պատրաստելու համար: Դիտարկումն երկար գործընթաց է, զեկույցը պատրաստ կլինի մարտ ամսին: Այնուհետեւ այն ցույց կտանք Վրաստանի իշխանություններին, որպեսզի նրանք մեկնաբանեն այն: Այնուհետեւ, եթե իշխանությունները դեմ չլինեն, ապա մենք կհրապարակենք ինչպես զեկույցը, այնպես էլ նրանց մեկնաբանությունները», – ասել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության կառավարիչ՝ Ժան-Էտյեն Կաութսմանը:
Ախալքալաք կատարած այցից հետո հանձնաժողովը մեկնել է Ախալցիխե, ինչպես նաև 5-օրյա այցի շրջանակներում նրանք կգնան Քվեմո-Քարթլի: