Այսօր՝ մայիսի 9-ին, Ախալքալաքը համեստորեն և առանց վետերանների նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը: Մունիցիպալիտետում այդ տարիների ողբերգական իրադարձությունների ոչ մի ականատես չի մնացել։
Ինչպես նախկինում, այս տարի ևս միլիոնավոր կյանքեր խլած պատերազմը հիշեցին՝ հավաքվելով Ախալքալաքից Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ, որը գտնվում է քաղաքի տոնավաճառի հրապարակում։
Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ միջոցառմանը վետերաններ չկային։ Չկային նաև շնորհակալական ելույթներ, որոնք հնչում էին ամեն տարի։
Տարեցտարի վետերանների շարքերը նոսրանում էին։ 2021 թվականի սեպտեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում մահացավ Հայրենական մեծ պատերազմի վետերաններից վերջինը՝ Աշոտ Ալագուլյանը։
Ախալքալաքցի պատմաբան, գրող Մկրտիչ Քթոյանի վկայությամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է մոտ 18 000 ախալքալաքցի, նրանց կեսից ավելին զոհվել է։ Ընդհանուր առմամբ, Խորհրդային Վրաստանը ռազմական գործողությունների էր ուղարկել գրեթե 700 000 սպա և զինվոր (մոբիլիզացված 3,2–3,4 միլիոն քաղաքացիների ընդհանուր թվի մոտ 20%-ը), որոնցից մոտ 300 000-ը սպանվել էր։ Վրաստանի 137 բնակիչ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։