Այսօր Վրաստանում նշվում է մայրության օրը: Ախալքալաքում արդեն կանանց տոների միամսյակն սկսված է:

Մարտի 3-ը Վրաստանում մայրերի օրն է: Մարտի 8-ին նշվում է կանանց միջազգային տոնը, իսկ ապրիլի 7-ը հայերը նշում են մայրության և գեղեցկության տոնը: Ախալքալաքում նշվում են բոլոր երեք օրերը:

«Նշելը չգիտեմ ոնց է բայց, գեղեցիկներին, առավել ևս գեղեցիկ մայրերին, ուշադրության արժանացնելը մի մեծ բան չէ, այսպիսի օրերը ինչքան շատ լինեն, այնքան լավ»,- ասաց ծաղիկների գնով հետաքրքրվող հարցվողը, ով ներկայացավ որպես գեղեցիկը գնահատող անձնավորություն։

Կանանց տոները լի են տարատեսակ ծաղիկներով, որոնք ոչ միայն ուշադրության խորհուրդ են կրում, այլ նաև գարնան գալուստն են մատնացույց անում։ Սակայն այսօր զգացվում էր դրանց պակասը: Չնայած օրը տոնական էր, բայց շուկայում ծաղիկների սակավություն կար։ Համեմատած անցած տարվա հետ, այսօր մայրերի օրը կարելի է ասել ավելի «անշուք» էր: Պատճառը գուցե խիստ ձմեռն էր և որպես հետևանք գարնանային ծաղիկների պակաս կա։

Ծաղիկների գնաճ դեռևս չի նկատվում՝ մեկ վարդի շուկայական արժեքը երեքից չորս լարի է, սակայն ինչպես ասում են ծաղկավաճառները, ամեն ինչ առջևում է։

«Այս պահին բնական վարդեր չունենք, բայց ունեցած ժամանակ վարդերի գնաճ չենք ունեցել։ Թե ծաղիկների նոր խմբաքանակը ինչ արժողությամբ կվերցնենք, դեռ պարզ չի, ի վերջո մարտի ութը, ապրիլի յոթը դեռ առջևում են», – ասաց ծաղկավաճառն, ով չցանկացավ ներկայանալ։

Ջուլիետա Տոնականյան