«IDS Borjomi»-ի ղեկավարությունը խզել է աշխատանքային պայմանագիրը հանքային ջրերի շշալցման գործարանների 49 աշխատակցի հետ։

Նրանք հրաժարվել են ստորագրել նոր պայմանագիրը, որով հարկադիր պարապուրդի ժամանակ կստանային իրենց աշխատավարձի միայն 50%-ը։

Ընկերության վերակազմավորման մասին հայտարարվել էր այն բանից հետո, երբ այն հայտնվել էր պատժամիջոցների տակ՝ կապիտալում ռուսական մասնակցության պատճառով։ Հանքային ջրի շշալցումը դադարեցվել է, իսկ աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի։

«Բորժոմի» հանքային ջրի շշալցման երկու գործարաններում աշխատում է 685 մարդ։ «IDS Borjomi»-ն հայտարարել է, որ չի կարող ամբողջությամբ վճարել աշխատակիցներին հարկադիր պարապուրդի դիմաց և առաջարկել է նոր պայմանագրեր։

«Աշխատակիցներին առաջարկել ենք նորացված պայմաններ։ Ցավոք, սա անընդունելի էր որոշ աշխատակիցների համար, ինչը ստիպեց մեզ սկսել գործարանի վերակազմավորման գործընթացը և խզել պայմանագրերը 49 աշխատակիցների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

«IDS Borjomi»-ի ղեկավարությունն ասում է, որ ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր գոյությունը և հնարավորինս պահպանի աշխատատեղերը:

Նախօրեին «IDS Borjomi»-ի աշխատակիցները նոր աշխատանքային պայմանագրերը բողոքարկելու պահանջներով ցույցի էին դուրս եկել։ Նրանք հանդիպում են պահանջել ընկերության գործադիր տնօրեն Իվանե Մաճավարիանիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

«Բորժոմին» խմելն ուշ է

2013 թվականից «IDS Borjomi International»-ի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական «Alfa Group»-ին։ Դրա հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը ներառված է ռուս ձեռնարկատերերի ցանկում, ովքեր ուկրաինական պատերազմի պատճառով հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ:

Ապրիլի 29-ին «IDS Borjomi»-ն հայտարարել է Վրաստանի երկու գործարանների արտադրության ժամանակավոր դադարեցման մասին՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հաջորդ օրը Վրաստանի վարչապետը խոստացել էր շուտով «հաճելի լուր» հայտարարել «Բորժոմիի» ճակատագրի մասին, սակայն դեռ հստակություն չկա։

Համառոտ հաղորդագրության մեջ ընկերությունը նշել է, որ հիմնական ապրանքաշուկաներում՝ Ռուսաստանում և Ուկրաինայում, բացի բարդ իրավիճակից, ավելացվել է նաև բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությունը։ Սա «փակել է ընկերության՝ արտարժույթով եկամուտներ ստանալու և պարտատերերին մարելու հնարավորությունը»։

Լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը ակտիվորեն քննարկում են ընկերության բաժնետոմսերը հանրությանը վաճառելու հնարավորությունը, այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

«IDS Borjomi Georgia»-ն արտադրում է Բորժոմի, Լիկանի, Միտարբի հանքային ջրերը և «Բակուրիանի» քաղցրահամ ջուրը: Այն «IDS Borjomi International»-ի դուստր ընկերությունն է, որը գրանցված է Կարիբյան Կյուրասաո կղզում։

«IDS Borjomi International» միջազգային ընկերությունը նախկին Խորհրդային Միության երկրների հանքային ջրերի շուկայի երեք խոշորագույն խաղացողներից է, բնական շշալցված ջրի կատեգորիայում առաջատարը։

Այսօր «IDS Borjomi International»-ը ներառում է՝ IDS Borjomi Georgia (Վրաստան), IDS Group Ukraine (Ուկրաինա), IDS Borjomi Russia (Ռուսաստան), IDS Borjomi Azerbaijan (Ադրբեջան), IDS Borjomi Belarus (Բելառուս) և IDS Borjomi Europe (Լիտվա):

Աղբյուրը՝ NewsGeorgia