Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաները Թբիլիսիում դարձան դասական երաժշտության «Ապագա աստղեր» ամենամյա մրցույթի դափնեկիրներ, ինչպես նաեւ արժանացան մեդալների «Փոքրիկ վիրտուոզ» եւ «Հաջողակ դեբյուտ» անվանակարգերում։

«Ապագա աստղեր» մրցույթին Ախալքալաքի երաժշտական դպրոցից մասնակցեցին երեք հոգի. Կարինե Կազանջյանը՝ 6-րդ դասարանի աշակերտուհի, Արսեն Կարապետյանը՝ 3-րդ դասարանի աշակերտ, եւ Վալերիա Ստելմաշովան՝ 2-րդ դասարանի աշակերտուհի: Բոլոր երեքն էլ դարձան «Ապագա աստղ» մրցույթի դափնեկիրներ:
Արսեն Կարապետյանը նաեւ ստացավ մեդալ եւ արժանացավ ժյուրիի հատուկ «Փոքրիկ վիրտուոզ» մրցանակին, իսկ Վալերիան ստացավ մեդալ եւ դիպլոմ «Հաջողակ դեբյուտի» համար:

«Սա մեծ պատիվ եւ ձեռքբերում է մեր դպրոցի համար, բոլորը բարձր գնահատեցին մեզ», – ասում է Սվետլանա Կարոյանը՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրենը:

Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը նույնպես իր բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հաջող արդյունքներ գրանցելու համար արժանացել է մեդալի։

Այս տարի կայացավ «Ապագա աստղեր» դասական երաժշտության հերթով 15-րդ մրցույթը: Այն տեևեց մարտի 31-ից ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում, Գորիում, Թելավիում, Թբիլիսիում: