Ախալքալաքի մունիցիպալիտետի 65 հանրային դպրոցից 3-ը (երեքն էլ քաղաքային) պաշտոնապես ստացել են հեռավար աշխատելու թույլտվություն ու արդեն աշխատում են, սակայն որոշ դպրոցներ, մեծաթիվ աշակերտների և ուսուցիչների բացակաների պատճառով նույնպես անցել են հեռավար ուսուցման:

Ախալքալաքի մունիցիպալիտետի 65 դպրոցից քաղաքում գործող 3 դպրոց պաշտոնապես աշխատում է հեռավար՝ №3 դպրոցը (վրացական), №4 (Դ.Դեմիրճյանի անվան) դպրոցը և №5 դպրոցը (գիշերօթիկ դպրոց): Մնացած դպրոցներում երեխաների հաճախելիությունը շատ ցածր է, բայց նրանք դեռ աշխատում են սովորական ռեժիմով, չնայած բացառված չէ, որ նրանք շուտով նույնպես անցնեն հեռավար ուսուցման:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի ռեսուրս֊կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի, հեռավար ուսուցման անցումը պահանջում է առողջապահության նախարարության պաշտոնական հանձնարարական և կրթության նախարարության հրամանագիր:

Թիվ 2 հանրային դպրոցն այսօր դիմել է ռեսուրս կենտրոն, որպեսզի իրենց թույլատրեն անցնել հեռավար ուսուցման: Որոշ դասարաններում այսօր դպրոցը դասերը հեռավար է անցկացրել:

«Մենք որոշեցինք, որ արդեն վաղվանից կանցնենք հեռավար ուսուցման, պարզապես այսօր մեր բարձր դասարանների աշակերտները պատրաստել էին միջոցառում Արցախի թեմայով, նրանք վաղուց էին պատրաստվում, իհարկե ուրախալի միջոցառում չէ, բայց քանի որ պատրաստվել էին, մենք որոշեցինք այսօր միջոցառումն անցկացնել: Այսօր մեր ուսմասվարը զանգահարեց և ասաց, որ չի գա աշխատանքի, ռիսկի գոտում է գտնվում: 10 ուսուցիչ հիվանդ է, և շատ աշակերտներ բացակայում են, ես չեմ կարող վտանգել նրանց առողջությունը », – ասաց թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանը:

Նրա խոսքով, իրենք դիմել են Ախալքալաքի ռեսուրս կենտրոն, և այնտեղից նրանց խորհուրդ են տվել դիմել Ախալքալաքի ՀԱԿ:

«Ես ամբողջ օրը չեմ կարողանում կապ հաստատել Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրենի հետ, չեմ կարող և չեմ վտանգի ուսուցիչների և աշակերտների առողջությունը, մենք վաղվանից կանցնենք հեռավար ուսուցման», – ասում է Կարինե Նահատակյանը:

Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում դասապրոցեսն այսօր անցել է սովորականի պես, բայց բացակայողները շատ էին:

Թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանի խոսքով, այս երկու օրերն իրենք աշխատելու են ինչպես միշտ, այնուհետև, քանի որ դպրոցում ընտրատեղամաս կա, հինգ օր հեռավար ուսուցման են անցնելու:

«Այս շաբաթ՝ 3 և հաջորդ շաբաթ 2 օր մենք հեռավար կաշխատենք, արդեն պաշտոնապես ծանուցում ենք ստացել այս մասին, թե ինչ կլինի դրանից հետո կորոշի Առողջապահության նախարարությունը: Մենք դասերը վարում ենք սովորականի պես: Բացակայողներ շատ են, ուրբաթ օրվա համեմատ աշակերտների թվաքանակում ոչինչ չի փոխվել, ծնողները չեն թողնում իրենց երեխաներին, ոմանք պարզապես հիվանդ են սեզոնային գրիպով: Այսօր երկու ուսուցիչ բացակայում էր, նրանք նույնպես սովորական գրիպ են, հետազոտվելու համար չկան թեստեր: Հեռավար ուսուցման անցնելու համար մենք պետք է հրամանագիր ստանանք Առողջապահության նախարարությունից », – ասում է Ռուզաննա Տեփոյանը:

Պաշտոնապես, մունիցիպալիտետի գյուղերում ուսուցումն անցկացվում է սովորական ռեժիմով:

Նշենք, որ թիվ 4 դպրոցը հոկտեմբերի 22-ին, անցավ հեռավար ռեժիմի, այն բանից հետո, երբ ուսուցիչներից մեկի մոտ հաստատվեց կորոնավիրուս: Թիվ 5 դպրոցն անցել էր օնլայն ռեժիմի հոկտեմբերի 18-ին, երբ դպրոցի ուսուցիչների մասսայական թեստավորման արդյունքում նրանցից երկուսի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Իսկ թիվ 3 դպրոցը, որն իր դասերը անցկացնում էր թիվ 5 դպրոցի շենքում` իրենց շենքում անկացվող վերանորոգման պատճառով, անցել է հեռավար դասառեժիմի, քանի որ աշակերտների ծնողները, թիվ 5 դպրոցի ուսուցիչների մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո, իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկում: Թիվ 3 դպրոցի ուսուցիչների զանգվածային թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նշենք, որ թեստավորվել են քաղաքի ամենափոքր՝ թիվ 3 և թիվ 5 դպրոցների ուսուցիչները: Մնացած դպրոցներին ասել են, որ թեստավորում կանցկացնեն ընտրություններից հետո: