Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաշվարկել է երկրում գրանցված տեսատուգանքների քանակը: 2022-2023 թվականին երկրում գրանցվել է 3 070 616 տուգանք, որից 70 033-ը՝ Սամցխե-Ջավախքում։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդհանուր գրանցվել է 7 470 տեսատուգանք, որից 6 042-ը՝ տեխզննում չանցնելու համար, իսկ 1 428-ը՝ արագությունը գերազանցելու:

Նինոծմինդայում տուգանքները գրանցվել են միայն 118-րդ հոդվածով։ Տուգանքների ընդհանուր քանակը կազմում է 3 355։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում, իսկ 125-րդ հոդվածը նշանակում է տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցում 15 կմ/ժ-ից ավելի արագությամբ։

Պարզելու համար, թե ինչ պատճառներով վարորդները տեխզննում չեն անցնում, փորձեցինք ճշտել հենց իրենցից:

«Իմ մեքենան ընդհանրապես խնդիր չուներ, բայց տեխզննման ժամանակ բացահայտվեց, որ մեքենայի կատալիզատորները հանած են, այդպես էլ չանցա տեխզննում», – ասում է վարորդներից մեկը։

Հիմնականում տեխզննում չանցած մեքենանաերի վարորդները փորձում են շրջանցել տեսախցիկները, խուսափելով երթևեկել կենտրոնական փողոցներով, որտեղ հիմնակում տեղադրված են տեսախցիկները:

«Հիմնականում վարորդներիս համար շատ կարևոր է ճանապարհի հարցը: Ճանապարհները քարուքանդ վիճակում են, բայց ուզում են, որ մեքենաները խնդիր չունենան: Պետք է ասեմ, որ մարդիկ հիմնականում անցնում են տեխզննում: Առաջ շատ խիստ էին, չնայած հիմա էլ խիստ են, բայց կան բաներ, որոնց ուշադրություն չեն դարձնում: Ամենակարևորը հիմա CO-ն է, իմ մեքենայի վրա ևս կան մանր-մուր անսարքություններ», – ասում է վարորդ Լևոնը։

Նշենք, որ վերոնշյալ տվյալները հաշվարկվել են 2022-2023 թվականի մինչև մարտի 15-ը ներառյալ։

Ձեզ ենք ներկայացնում նաև տեսատուգանքների քանակն ըստ տարածաշրջանների՝

  • Աջարիա՝ 265 842,
  • Գուրիա՝ 67 261,
  • Թբիլիսի՝ 1 708 002,
  • Իմերեթի՝ 181 235,
  • Կախեթի՝ 70 234,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 89 734,
  • Ռաճա-Լեչխումի՝ 4 394,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 88 884,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 70 033,
  • Քվեմո Քարթլի՝ 331 479,
  • Շիդա Քարթլի՝ 193 518: