Երեկ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, բյուրոյի անդամները հանդիպեցին Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլիի հետ։ Հանդիպումը կայացավ Սակրեբուլոյի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին գյուղերի և Ախալքալաք քաղաքի ջրամատակարարման հարցը, ջրատարների, ջրանցքների և գլխամասային կառույցների վիճակը։

Երեկ՝ ապրիլի 11-ին, բացելով Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուրոյի նիստը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ գյուղերում և քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ կապված ջրամատակարարման, ջրագծերի մեծ մասի և կոյուղագծի վատ վիճակի հետ։ Վերջինիս խոսքով, իրենք այսօր հավաքվել են քննարկման, համագործակցության նպատակով, որպեսզի ելք գտնեն ու լուծեն խնդիրները։

Մունիցիպալիտետում Վրաստանի միավորմած ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը սպասարկում է 64 գյուղերից 36-ին: 36 գյուղերից միայն 8-ն են վճարում ջրի դիմաց:

Պատգամավորները խոսեցին Ղադոլար, Տուրցխ, Կարտիկամ գյուղերի ջրագծերի խնդրի մասին, Էխտիլա գյուղի ջրամատակարարման համակարգի և ջրավազանի մասին, խոսեցին քաղաքի և նախկին ռազմական ավանի ջրամատակարարման համակարգերի վիճակի մասին, քլորացման մասին, բարձրացրեցին նաև ջրամատակարարման հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։

Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին ասաց, որ իրենք քաջատեղյակ են խնդիրների մասին և հնարավորության սահմաններում վերացնում են դրանք, քանի որ ֆինանս չունեն և չեն կարող ինքնուրույն լուծել խնդիրները։ Նա նշեց, որ հաշվիչների տեղադրումը կարող է լուծել խնդիրը, որի արդյուքնում իրենք եկամուտ կստանան և կկարողանան խնդիրները լուծել սեփական ֆինանսներով։

Նա խոստացավ խնդիրների մասին զեկուցել իրենց վերադասին և նրանցից սպասել հրահանգների։

Ինչ վերաբերում է Էխտիլա եւ Ղադոլար գյուղերին, Վախթանգիշվիլին խոստացավ ապրիլի 13-ին այցելել այդ գյուղեր, տեղում ուսումնասիրել խնդիրը եւ որոշակի աշխատանքներ իրականացնել։

Գիորգի Վխթանգիշվիլիի խոսքով, իրենք ունեն կվալիֆիկացված աշխատողների պակաս, գլխամասային օբյեկտներում պահակների պակաս, ինչը նույնպես ազդում է աշխատանքի արդյունավետության և որակի վրա։

Պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին գյուղերում օգնել Սպասարկման կենտրոնին։

Նաիրի Իրիցյանը մունիցիպալիտետի պատրաստակամությունը հայտնեց Սպասարկման կենտրոնի հետ համագործակցելու մասին և ասաց, որ իրենք կարող են օգնել, եթե մունիցիպալիտետում ջրամատակարարման խնդիրները լուծելու համար փոքր գումարի և մարդկային ռեսուրսների կարիք լինի։

«Եթե մենք համագործակցեինք և տեղեկություն ունենայինք ջրամատակարարման համակարգի վիճակի մասին, ապա կկարողանայինք ինքներս որոշակի աշխատանքներ իրականացնել»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Պատգամավորները խնդրեցին տրամադրել իրենց մունիցիպալիտետի ջրամատակարարման համակարգերի քարտեզը։