Մերենիա գյուղի բնակիչները բողոքում են, որ երկրորդ տարին է ծիսակատարությունների տան վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում: Ամեն անգամ, երբ գյուղում մարդ է մահանում, բնակիչները դժվարանում են սգո հացկերույթը կազմակերպելու համար:
Ամեն անգամ, երբ Մերենիայում մարդ է մահանում, հարազատները վշտի հետ միասին մտածում են, թե ինչպես կազմակերպեն սգո հացկերույթը:
«Մենք հարևան գյուղից (Էխտիլայից) բերում ենք սեղաններ և աթոռներ, մաքրում ենք դահլիճը և մի կերպ անցնում է արարողությունը: Շենքը գտնվում է վերանորոգման վիճակում: Աշխատողները Մուրջախեթ գյուղից են: Նրանք 12 օր է չեն աշխատում: Մատերիալ չկա», – ասում է գյուղի բնակիչ Վալիկո Ասլանյանը:
Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգման տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Սամոսվալ -1» -ը: Ըստ տենդեր-մրցույթի, Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան հետ միասին ընկերությունը նաև պետք է վերանորոգի չորս ծիսակատարության տներ Էխտիլա, Բեժանո, Արագվա և Խանդո գյուղերում: Բոլոր 5 օբյեկտների վերանորոգման համար շրջանը հատկացրել է 129 400 լարի: Տենդեր-մրցույթը հայտարարվել է 2017 թվականի սեպտեմբերի 20-ին, մասնակցել է հինգ ընկերություն: Տենդերը հաղթել է ՍՊԸ-ը «Հերմեսը» 95 785 լարի գումարով, սակայն հետո «Հերմես» ընկերությունը որակազրկվել է և տենդերը անցել է «Սամոսվալ -1» ընկերությանը, որը համաձայնվել է աշխատանքները կատարել 99 657 լարիով:
Առանձին, Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգման համար նախատեսված է 40 648.69 լարի:
Մերենիա գյուղի գյուղապետ Սերգեյ Քախքցյանն ասում է, որ աշխատանքները հետաձգվել են տարբեր պատճառներով:
«Ձմեռ էր, կան աշխատանքներ, որոնք հնարավոր չի կատարել ցրտին: Իսկ հիմա ինչու չեն իրականացնում չեմ կարող ասել: Բայց այսօր աշխատում են», – ասում է Սերգեյ Քախքցյանը:
Բնակիչների խոսքերով, ծիսակատարությունների տան վերանորոգման աշխատանքներում աշխատել են աշխատողների երեք խումբ: Առաջին խումբը փոխել է տանիքը, երկրորդը`շարել է սալիկները, իսկ երրորդ խումբը` ներկարարական և մնացած աշխատանքները:
Աշխատող Ճոռուխյան Արտյոմի հաշվարկներով, մնացել է մոտ 10 օր աշխատանքներն ավարտելու և հանձնելու համար:
«Մենք այստեղ 20 օր է արդեն աշխատում ենք, նախքան մեր գալն, այստեղ աշխատել է մեկ այլ խումբ, բրիգադիրին կանչել են Ռուսաստան, և նա իր խմբի հետ մեկնել է: Մենք հիմա աշխատում ենք առաստաղի վրա, հետո կանենք շպակլյովկան և կտեղադրենք դուռը »,- ասում է Արտյոմ Ճոռուխյանը:
Ներկա պահին ծիսակատարությունների տանն աշխատում են երեք աշխատող: Միսակ Նահապետյանն ասում է, որ շինանյութերի բացակայության պատճառով նրանք միայն երեք օր չեն աշխատել:
«Մենք 20 օր է աշխատում ենք արդեն և միայն երեք օր ենք սպասել շինանյութերին, իսկ մնացած ժամանակ մենք աշխատել ենք»,- ասում է Միսակ Նահապետյանը:
Մեր այցելության ժամանակ աշխատողներին օգնում էր Մերենիայի բնակիչ Ռուսլան Կարապետյանը: Նա դժգոհ է սալիկներից, որոնք արդեն տեղադրվել են, ասում է, որ փայլուն սալիկները սահում են և նման վայրերում անհրաժեշտ է տեղադրել անփայլը:
«Մենք դժգոհեցինք, սակայն ասացին, իբր թե տենդեր-մրցույթով այսպիսին է նախատեսված », – ասում է Ռուսլան Կարապետյանը:
ՍՊԸ «Սամոսվալ -1» -ի տնօրեն Խաչիկ Ավետիսյանը հեռախոսով մեզ ասաց, որ տեղյակ է գյուղացիների բողոքներին և որ աշխատանքները ձգձգվել են եղանակային պայմանների պատճառով:
«Ձմեռ էր, և ես դիմում գրեցի աշխատանքները դադարեցնելու համար: Ձմռանն անհնար էր աշխատել, քանի որ դրսի աշխատանքները շատ էին: Ապրիլի 23-ից վերսկսեցինք: Մենք դժվարություններ ունեցանք տախտակներ ձեռք բերելու հարցում », – ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Նա հավելեց նաև, որ գյուղացիների բողոքները նույնպես խոչընդոտում են աշխատանքների արագ ավարտելուն:
«Նրանք ուզում էին, որ շարեինք անփայլ սալիկներ, բայց սմետայում չի ասվում ինչպիսին պետք է լինի այն, եթե նախագծում գրված լիներ, որ պետք է լինի անփայլ, ապա նրանց բողոքը տեղին կլիներ: Մեր կողմից շարված սալիկները չեն սահում: Բացի դրանից, մուտքի մոտ շարել ենք անփայլ սալիկներ ու ոմանք էլ բողոքում են, որ այդ սալիկի վրայից կեղտը չի մաքրվում », – ասում է Խաչիկ Ավետիսյանը:
Տենդեր-մրցույթի փոփոխությունների համաձայն, բոլոր աշխատանքների ավարտի վերջնաժամկետը (5 գյուղերում ծիսակատարությունների տների վերանորոգումը) նշված է 2018 թվականի հունիսի 20-ը, սակայն պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի հուլիսի 20-ին:
Խաչիկ Ավետիսյանի խոսքերով, աշխատանքները կավարտեն մեկ շաբաթից:
Շուշան Շիրինյան