2022 թվականի սկզբից Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից տենդերային փաստաթղթերի մշակման ընթացքում բացահայտված անբարեխիղճ գործողությունների պատճառով, երկու ընկերություններ իրենց գործընկերների հետ հայտնվել են Պետական գնումների վարչության սև ցուցակում։
2021 թվականի դեկտեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետը տենդեր էր հայտարարել Ախալքալաքի մունիցիպալիտետում 2022-2023 թվականներին իրականացվող ենթակառուցվածքային օբյեկտների շինարարական աշխատանքների վերահսկման, ինչպես նաև 2022-2023թ.թ. սկսված բազմամյա շինարարական աշխատանքների վերահսկման ծառայության համար, մինչև աշխատանքների ավարտը:
Վերահսկողությունը պետք է իրականացվեր հետևյալ օբյեկտներում՝ ճանապարհներ, ջրագիծ, կամուրջներ, շենքերի, հրապարակների, շինությունների, այլ գծային կառույցների, տարբեր տեսակի ենթակառուցվածքների շինարարական, վերանորոգման- մոնտաժման, ապամոնտաժման և վերակառուցման աշխատանքներ:
Տենդերը շահել էր ՍՊԸ-ը «Շինարարական փորձաքննության բյուրո»-ն։ Մունիցիպալիտետը առաջարկել էր 200 000 լարիի չափով գումար, ընկերությունը շահել էր տենդերը 175 000 լարիով։ Մունիցիպալիտետն այս տենդերի հայտերը քննարկել էր 2022 թվականի փետրվարին և ոչ միայն որակազրկել էր ընկերությանը, այլև դիմում էր գրել, ըստ որի ընկերությունը հայտնվել էր Պետգնումների գործակալության սև ցուցակում։
«Մենք դիմում ենք ստացել առ այն, որ ընկերությունը փաստաթղթեր է կեղծել, նրանք ստորագրել և փաստաթղթավորման մեջ ներառել են վաղուց մահացած մարդու: Մենք դեռ պայմանագիր չէինք կնքել նրանց հետ, ընթացքի մեջ էինք, ուղարկեցինք Պետգնումների վարչություն, և ընկերությանը սև ցուցակ մտցրեցին»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը։
Դրանից հետո մունիցիպալիտետը վերահսկողության ծառայության համար նոր տենդեր է հայտարարել, և այն շահել է «Քրիզոլիտ» ընկերությունը՝ 198 հազար լարիի չափով։
Երկրորդ ընկերությունը, որն այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանի դիմումի հիման վրա հայտնվել է սև ցուցակում, «Նախագծա-փորձագիտական խումբ» համընկերությունն է։ Ընկերությունը պետք է ինժեներական ծառայություններ իրականացներ մունիցիպալիտետում։ Պատրաստեր նախագծային նախահաշիվներ, որոնք անհրաժեշտ են 2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում տարբեր տեսակի շինարարության, ենթակառուցվածքների վերանորոգման և բարելավման համար:
Մունիցիպալիտետը դրա համար հատկացրել է 100 000 լարի. Տենդերը շահել է «Նախագծա- փորձագիտական խումբ» համընկերությունը՝ 48 510 լարիի չափով, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ այնտեղ ևս տարվել է անբարեխիղճ աշխատանք։
«Պայմանագրում ընկերությունը գրել է այն մարդկանց անունները, ովքեր չգիտեին այդ մասին, ընկերությունն օգտագործել է նրանց անունները, բայց մարդիկ չեն իմացել, որ տենդերին մասնակցում են իրենց անուններով»,- բացատրում է Ռոզա Յորդանյանը։
«Նախագծա-փորձագիտական խումբ» համընկերությունը նույնպես հայտնվել է սև ցուցակում՝ տենդերը շահելու նպատակով անբարեխիղճ գործողությունների պատճառով։ Աշխատանքները բաժին է ընկել «Դ-Մ» ՍՊԸ-ին՝ 59 210 լարիի չափով։
Սև ցուցակում են հայտնվել նաև ՍՊԸ «NEW STYLE BUILDING»-ը և ՍՊԸ «Arch-Style»-ը, որոնք պետք է աշխատեին «Նախագծա-փորձագիտական խումբ» համընկերության հետ։