Ախալքալաքում ապրելու համար միջազգային զույգ է տեղափոխվել՝ վրացի և սլովակ։ Ի՞նչը գրավեց նրանց մի փոքրիկ, գավառական քաղաքում, ի՞նչն էր նրանց հետաքրքրում և զարմացնում այստեղ, և շատ ավելիի մասին կարդացեք Jnews-ի նյութում:
Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքը չի համարվում վերաբնակների համար հայտնի քաղաք, այնուամենայնիվ, երբեմն կարելի է տեսնել այցելուների, ովքեր որոշում են ապրել այստեղ: Քաղաքն այնքան փոքր է, որ հաշված ժամերի ընթացքում հայտնի է դառնում «նոր» մարդկանց մասին։ Թոմաշն ու Թամթան Ախալքալաք են եկել մեկ ամսով։ Թոմաշը կովկասագետ է Սլովակիայից, Թամթան լուսանկարիչ է՝ Թբիլիսիից:
Թոմաշ Բարանեցը Վրաստան է եկել Ջավախիշվիլիի համալսարանի փոխանակման ծրագրով, այնուհետև՝ ծանոթացել է Թամթայի հետ։ Սակայն շուտով նա մեկնում է Չեխիա՝ ուսումն ավարտելու։
«Հետո վերադարձա Թամթայի մոտ, եկա որպես կամավոր։ Աշխատել եմ Գորիում։ Հետո Թամթային որպես կամավոր տարել եմ Սլովակիա։ Նա ապրում էր մեկ այլ քաղաքում: Մենք ամուսնացանք, և Թամթան տեղափոխվեց Բրատիսլավա։ Մի քանի տարի ապրել ենք Սլովակիայում։ Աշխատել ենք լուսանկարչական սարքավորումների համար գումար հավաքելու նպատակով: Դա անելու համար մեզանից պահանջվեց առնվազն երեք տարի: Եվ երբ ծնվեց մեր որդին, սկսվեց համաճարակը, և մենք մնացինք Սլովակիայում, հետո որոշեցինք, որ քանի դեռ երեխան փոքր է և դպրոց չի գնում, մենք կարող ենք ապրել Վրաստանում, որպեսզի նա սովորի լեզուն, իսկ մենք այդ ընթացքում կաշխատենք»,- ասում է Թոմաշ Բարանեցը:
Զույգը Վրաստանում բնակարան է վարձակալում որոշակի ժամկետով, թեև, ինչպես իրենք են խոստովանում, այդ գործընթաց միշտ խնդիրներով է ուղեկցվում: Ամեն ինչ հատկապես բարդացել է Ռուսաստանից հսկայական թվով մադկանց և Ուկրաինայից փախստականների ժամանումով։
«Մենք եկել ենք պատերազմի մեկնարկից առաջ, երբ բնակարանների վարձակալության գները շատ ավելի ցածր էին։ Բայց մեր բախտը բնակարանների հարցում երբեք չի բերում: Քանի որ մկներն ու ուտիճներն ամենուր են: Հետո տեղափոխվեցինք Գորիի բնակարան։ Բնակարանն անթերի էր, բայց մեկուկես ամիս առաջ մեզ ասացին, որ ուզում են վաճառել բնակարանը և պետք է այն ազատենք։ Որոշեցինք ապրել այլ մարզում։ Սկզբում մտածում էին Կախեթիի ու Սամեգրելոյի մասին, մի քանի տարբերակ կար, այդ թվում՝ Ախալքալաքը։ Որովհետև այս բոլոր մարզերում զբաղմունք կա, ինչով կարելի է աշխատել: Բայց մեզ հաջողվեց բնակարան գտնել Ախալքալաքում, և որոշեցինք գալ Ջավախք»,- պատմում է Թամթան և ավելացնում. բոլորն ասում էին` ո՞ւր եք գնում, ինչու՞: Որովհետև այս վայրն այնպիսի տեսք ունի, որ վախեցնում է մարդկանց։ Ես ծնվել եմ Թբիլիսիում, բայց երբ հասա Տղիբուլի, ճիշտն ասած, չգիտեի, որ որոշ շրջաններում նույնիսկ խմելու ջուր չկա, կամ ժամանակացույցով են ջուրը տալիս։ Անկեղծ ասած, ես չգիտեի, թե ինչ խնդիրներ կան մարզերում։ Իսկ խնդրահարույց շրջանները շատ էին»։
Զույգը նոր է ժամանել Ախալքալաք, սակայն արդեն բախվել է Վրաստանի շատ շրջաններին բնորոշ՝ թափառող շների խնդրին։
«Ինձ դուր է գալիս Պանկիսիում այն, որ այնտեղ թափառող շներ չկան: Կարելի է հանգիստ շրջել, տեսնել ամեն ինչ, բայց այստեղ՝ Ախալքալաքում, Թբիլիսիում, Գորիում, սկզբունքորեն, ամենուր միայն վախենում ես, որ քեզ կկծեն։ Նրանք (կիստիացիները խմբ.), որպես մուսուլմաններ, պահում են միայն հովվի շներ, իսկ նրանք ուղղակի չունեն անտուն շներ։ Ինձ համար սա շատ մեծ հարմարավետություն է։ Երեկ մենք քայլում էինք, հանկարծ շունը սկսեց հաչել»,- պատմում է Թամթան։
Թոմաշի և Թամթայի գալը նույնպես նպատակ ուներ կոտրել որոշ կարծրատիպեր։
«Երբ ընկերներս իմացան, որ մենք որոշել ենք գալ այստեղ (խմբ. Ախալքալաք), բոլորն ասացին, ինչպես և Պանկիսիի պարագայում էր, երբ մենք գնացինք, չպետք է գնանք քանի որ այնտեղ վտանգավոր է։ Պետք է ցույց տանք, որ ոչ, վտանգավոր չէ։ Հիմա Շևարդնաձեի ժամանակը չէ, երբ մարդիկ ամենուր վտանգ էին տեսնում։ Որ մարդիկ մահակներով չեն։ Առաջին անգամ եմ այստեղ, և անկեղծ ասած, ինձ շատ է դուր գալիս: Մենք Ջավախք եկանք այնպիսի տրամադրվածությամբ, որ տարածաշրջանը հենց այնպես տուրիստական շրջան չէ, ինձ համար՝ որպես կովկասագետի, կնոջս համար՝ որպես լուսանկարչի, ինչ որ բան գտնելու, բացահայտելու, տեսնելու բան կա, ուրիշներին ցույց տալու: Սա մեզ հետաքրքրեց։ Այստեղ լավ աշխատանք անելու հնարավորություն կա»,- ասում է Թոմաշ Բարանեցը։
Ախալքալաքից Թամթայի առաջին տպավորությունը դրական է: Նա ակնկալում է այլ կերպ տեսնել տարածաշրջանը, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր է բնությունը: Իսկ Թոմաշը, թեև վաղուց, բայց եղել է Ջավախքում, քիչ թե շատ ծանոթ է տարածաշրջանին։
«Դժվար է իմ վրա տպավորություն գործելը, քանի որ 12 տարի է, ես գալիս եմ այս երկիր։ Տաս տարի առաջ Նինոծմինդայում էի։ Բայց Վրաստանում երկար ապրած ու շատ ճանապարհորդած օտարերկրացու համար առաջին տպավորությունները, իհարկե, այն է, որ բնությունն այստեղ նման է Հայաստանին։ Շրջապատող միջավայրը ձևավորում են մարդիկ, ձևավորվում է բնավորություն, գեղագիտական ճաշակ: Փոքր բաներ կան, որոնք մենք անմիջապես չենք նկատում, բայց նկատում ենք ենթագիտակցորեն։ Ինձ համար առաջին տպավորությունն այն է, ինչ ես արդեն տեսել եմ, բայց հիմա այն տեսնում եմ այլ համատեքստում։ Սա ինչ-որ վրացական Հայաստան է։ Ինչո՞ւ են մեզ հետաքրքրում սահմանամերձ շրջանները, և ինչո՞ւ ենք կենտրոնացած դրանց վրա, որտեղ հանդիպում են այս մշակույթները, մեզ չեն հետաքրքրում աշխարհագրական սահմանները»,- ասում է Թոմաշը: