Ինչպես են Վրաստանում հարկվում միկրո, փոքր, ֆիքսված ու սովորական բիզնեսները, ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ, որպեսզի ձեռնարկատերը չտուգանվի։

Վրաստանում մեկնարկել է «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորել նոր սկսնակ ձեռնարկություններին կամ զարգացնել արդեն իսկ ընթացիկ միկրո և փոքր բիզնեսը, սակայն Ջավախքում շատերը խուսափում են բիզնես սկսել՝ վախենալով Վրաստանի հարկային համակարգից, որին նրանք ծանոթ չեն։ Ջավախքի հարկային ոլորտն ամենաանհասկանալիներից մեկն է հասարակ բնակիչների համար, ովքեր բիզնեսով չեն զբաղվել։ Սակայն պետությունը խրախուսում է նման նախագծերը, իսկ բնակիչները վախենում են օգտվել հնարավորություններից։

Տնտեսագետ Հռիփսիմե Օվանօղլյանի կարծիքով՝ ախալքալաքցիները հիմնականում չգիտեն, որ ամեն բիզնես չէ, որ ենթակա է հարկման։

«Միկրո բիզնեսը կասսային ապարատ չունի, բայց միկրո բիզնեսը նշանակում է, որ կարող ես արհեստով զբաղվել, ինչ-որ արտադրանք ստեղծել: Հարկ չկա, բայց չես էլ կարող մեկին վարձել որպես աշխատող, դու ինքդ պիտի զբաղվես դրանով:Տարին մեկ անգամ ուղարկում են զրոյական հայտարարագիրը (խմբ. այսինքն` եկամուտների սյունակում հայտարարագրումը նշվում է 0): Փոքր բիզնեսը վճարում է հասույթի միայն 1 տոկոսը, բոլոր եկամուտներից: Կարևոր չէ, թե որքան է նա վաճառել և որքան տոկոս է նա լրացուցիչ վճարումներ կատարել, որքան եկամուտ կլինի, բանկից ստացված գումարներ, կասսային ապարատով խփված, որպես հարկ վճարվում է այս գումարի միայն 1 տոկոսը։ Փոքր բիզնեսի շրջանառությունը մինչև 500 000 լարի է: Չնայած նրան, որ 100 000 լարիով նա արդեն ԱԱՀ վճարող է։ Նա կարող է ունենալ փոքր բիզնեսի կարգավիճակ և լինել ԱԱՀ վճարող։ Իսկ սովորական (ჩვეულებრივი, չվեուլեբրիվի) բիզնեսը, այսինքն՝ չունի միկրո կամ փոքր բիզնեսի կարգավիճակ, որպես հարկ վճարում է իր շահույթի 20%-ը։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում դա կոչվում է եկամտահարկ։ Այսինքն՝ ծախսերը հանվում են բոլոր եկամուտներից և մնացյալի 20%-ը վճարվում է որպես հարկ։ Ֆիքսված հարկ վճարողը գիտի, թե ինչքան հարկ պետք է վճարի իր ծառայության յուրաքանչյուր միջոցի համար, օրինակ՝ սրահներում՝ յուրաքանչյուր բազկաթոռի համար, կամ ավտոտեխսպասարկման կենտրոններում՝ մեկ ավտոտնակի համար»,- պարզաբանում է տնտեսագետ Հռիփսիմե Օվանօղլյանը։

Նա նաև հիշեցնում է, որ փոքր բիզնեսի աշխատողները 6 000 լարի աշխատավարձի դեպքում ազատվում են եկամտահարկից։ Այսինքն՝ առանց որևէ արտոնության՝ փոքր բիզնեսի աշխատողները կարող են եկամտահարկ չվճարել։

Շատ հաճախ Ջավախքում ձեռներեցները դժգոհում են տուգանքներից, թե կոնկրետ ի՞նչը կարող է տուգանքի պատճառ դառնալ, եթե ձեռնարկատերն ունի բիզնեսի կարգավիճակ՝ միկրո, փոքր, ֆիքսված կամ առանց կարգավիճակի՝ սովորական։

«Միկրո բիզնեսում հիմնականում ստուգում են՝ սերտիֆիկատ կա, թե ոչ, և դու իրավունք չես ունենա ապրանք վաճառել, այսինքն՝ իրավունք չունես զբաղվելու առևտրով: Սա նշանակում է, որ եթե դու դերձակ ես, ապա կտորի վաճառքից գումար վաստակելու իրավունք չունես։ Այսինքն՝ դու պետք է փող վերցնես միայն կարելու դիմաց։ Եվ իհարկե, չպետք է ունենաս աշխատողներ։ Եթե դա փոքր բիզնես է, ապա դու պետք է ունենաս հաշվարկների, ծախսերի մատյան, որտեղ պետք է գրանցվեն բոլոր ծախսերը։ Սովորաբար ստուգում են սա։ Եվ ստուգում են այն, որ աշխատողները գրանցված լինեն։ Յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար 100 լարի տուգանք է նախատեսված։ Միջին բիզնեսի դեպքում կարող են ստուգել մարժաները: Կան ձեռնարկատերեր, ովքեր աուդիտ են անում, և մարժաները ցույց են տալիս ավելի քիչ, քան իրականում անում են: Բայց ավելի լավ է, եթե ցույց տաք ձեր բոլոր ծախսերը: Օրինակ, եթե գնում եք ապրանքի հետևից, բենզին եք ծախսում, մեքենայի ծախսերը և սա ոչ մի տեղ ցուցադրված չէ: Դուք, սակայն, դա իսկապես կարող եք ցույց տալ որպես հարկ և դրանով հարկավճարը նվազեցնել: Պետք է ճիշտ գրանցել ծախսերը, գրանցել բոլոր աշխատողներին, ցույց տալ կոմունալ ծախսերը…»,- ասում է տնտեսագետը։

Վերջինիս խոսքով, Ախալքալաքում սովորաբար ձեռներեցները հագուստի և խաղալիքների համար անում են 20-30 տոկոս հավելավճար, երբեմն նույնիսկ ավելին։ Սննդի և դեղորայքի դեպքում հավելավճարը կատարվում է 10-18%-ից, ավելին չեն կարող անել, բայց կան ոլորտներ, որտեղ հավելավճարները քիչ են արվում, օրինակ՝ մեծածախ առևտուրը, որտեղ հավելավճարը 7-8% է կազմում։