Այսօր՝ օգոստոսի 16-ին, Կուլիկամ գյուղում երիտասարդներին հարցաքննության կանչելու ծանուցագիր է բաժանվել՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած անկարգությունների գործով, որոնք տեղի էին ունեցել օգոստոսի 8-ին: Կուլիկամի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են, որ իրենց հանգիստ թողնեն իրենց սգի ու վշտի հետ, և, որ իրենք պատրաստ են ամբողջ գյուղով հարցաքննության գնալ:

Առավոտյան տեղի ոստիկանության աշխատակիցները գնացել են Կուլիկամ, ինչպես բնակիչներն են ասում, այնտեղ անգամ եղել է Ախալքալաքի ոստիկանապետը: Ոստիկաններն Ախալցիխեում հարցաքննության կանչելու ծանուցագիր են բաժանել, ըստ բնակիչների՝ 15-ից 40 երիտասարդի: Կուլիկամի բնակիչները, սպանված Վարդ Միրանյանի հոր գլխավորությամբ, հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են հանգիստ թողնել գյուղի երիտասարդությանը:

«Իմ պահանջն այն է, որ տղաներին չտանեն: Իմ որդին մահացել է, եթե մեկ ուրիշի որդին էլ այս գործի ընթացքում տուժի, ապա իմ կյանքն այլևս իմաստ չի ունենա: Ես կհամարեմ, որ ոչինչ տեղի չի ունեցել, կհամարեմ, որ ես զոհաբերեցի որդուս: Մենք չենք պատրաստվում վրեժ լուծել կամ թշնամանք ցուցաբերել: Մենք հավաքվել ենք, որպեսզի որդուս մահվան պատճառով գյուղի երիտասարդ տղաներին չհարցաքննեն և ոչինչ չձեռնարկեն, նրանց հանգիստ թողնեն: Ես նաև ոստիկաններին եմ ասել, որ եթե ինչ-որ տղայի տանեն Ախալցիխե և բանտարկեն, ապա ես ինձ քաղաքի կենտրոնում կվառեմ», – ասում է Արսեն Միրանյանը:

Կուլիկամի բնակիչները՝ կանայք և տղամարդիկ, ոստիկանությանը հայտնել են, որ իրենք թույլ չեն տա երիտասարդներին տանել հարցաքննության, որ նրանք պատրաստ են գնալ ամբողջ գյուղով: Եվ ասում են՝ թող ավտոբուսներ բերեն և բոլորին տանեն:

Ոստիկաններն ասել են, որ պետք է խոսեն վերադասի հետ, և հետո պատասխան տան գյուղացիներին: Մասնակիցները սպասում են ոստիկանների պատասխանին:

2

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:

Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է: