Ջավախեթյան փողոցում կան այնպիսի բաժանորդներ, որ արդեն մոտ 10 օր է ոչ ջուր չունեն, ոչ էլ կոյուղին է աշխատում։ Հարևան փողոցի բնակիչներից մեկը փողրակով ջուրը տանում է դեպի Ջավախեթյան, որպեսզի բնակիչներն առանց ջուր չմնան։
Ջավախեթյան փողոցում շինաշխատանքներ իրականացնող «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Չոլախյանն ասում է, որ նման խնդիր չկա։
«Այսօր ջուր չկար, քանի որ երեկ աշխատանքների ընթացքում ջրատար խողովակն էր վնասվել, բայց ուրիշ այլ խնդիր չպետք է լինի, և ես գիտեմ, որ յուրաքնաչյուր տուն պետք է ջուր լինի», – ասում է Վարդան Չոլախյանը։
JNEWS-ը ուղևորվեց դեպի Ջավախեթյան փողոց: Մեզ հետ զրույցում բնակիչները հաստատեցին, որ 10 օր է ոչ միայն ջուր չունեն, այլև կոյուղին էլ չի գործում։
«Արդեն մոտ 10-12 օր կլինի, որ ջուր չունենք, ամեն օր դույլերով հարևան փողոցից ենք բերում, չգիտենք թե երբ է լինելու», – ասում է Ջավախեթյան փողոցի բնակիչներից մեկը։
Քանի որ շինաշխատանքներ իրականացնող «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ նման խնդիր հնարավոր չէ լինի, մենք զանգահարեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլին:
«Ես տեղյակ չեմ, այդ խնդրով ինձ չեն դիմել, բայց եթե կան մարդիկ ովքեր ջուր չունեն, կարող են դիմել մեր ընկերություն, մենք կգնանք տեղում կնայենք, թե ինչումն է խնդիրը: Ես նաև կխոսեմ այն ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր այդտեղ աշխատանքներ են իրականացնում», – ասում է Գիորգի Վախտանգիշվիլին։