Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի գարնանային վաճառքի սեզոնը։ Այսօր ֆերմերներին չի գոհացնում կարտոֆիլի գինը, քանի որ պարարտանյութի գները բավականին թանկացել են։ Մարդիկ մտածում են՝ կկարողանան արդյոք վաճառել մնացած կարտոֆիլը և որքան կկարողանան ցանել այս տարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղացիների մեծ մասն աշնանն ամբողջ բերքը չի վաճառում, նրանք կեսը թողնում են գարնանը, հույս ունենալով ավելի թանկ վաճառել։
Այս պահին կարտոֆիլի պահանջարկի խնդիր չկա, սակայն գինը կարտոֆիլագործներին ձեռնտու չէ։ Ջավախքում աճեցվող հիմնական բանջարեղենն արժե 60-95 թեթրի՝ կախված կարտոֆիլից։ Այսօր հիմնականում գնում են սերմացու կարտոֆիլ, իսկ գնորդները, ինչպես ասում են ֆերմերները, մառնեուլցիներն են։
Հեռավոր Սամսար գյուղում գնորդների մեքենաները չեն բարձրանում, բնակիչներն իրենք են կարտոֆիլը տանում այլ քաղաքներ վաճառելու։ Գյուղն այնպես էլ դժվարամատչելի է, իսկ իրավիճակն ավելի բարդացրեց վատ եղանակը։
«Գյուղում կարտոֆիլի ընդամենը 15 տոկոսն է վաճառվել, մեզ մոտ դեռ շատ է մնում, վերջին ձյունն ու բուքը փակեցին բոլոր պահեստների մուտքերը, հնարավոր չէ այնտեղ հասնել: Քանի դեռ ձյունը չի հալվել, չենք կարող կարտոֆիլը պահեստներից դուրս հանել: Մենք կարտոֆիլը տանում ենք Թբիլիսի»,- ասում է Աշոտ Կուրղինյանը։
Օլավերդ գյուղում, Հովիկ Գիլոյանի խոսքով, այդքան էլ շատ կարտոֆիլ չի մնացել վաճառքի համար, բայց մեծ բեռնատարներն այնտեղ ևս չեն գնում, բնակիչներն իրենք են տանում այլ քաղաքներ վաճառելու։
«Անցյալ տարի մեր գյուղում բերքը այնքան էլ լավ չէր, ուստի և քիչ է մնացել, աշնանը ծախել էինք, իսկ ինչ մնացել է, տանում ենք Թբիլիսի, 80-90 թեթրիով են վաճառում: Մեզ մոտ միշտ էլ այսպես է եղել»,- ասում է Գիլոյանը։
Սկզբում գնորդները հիմնականում գնում են քաղաքին մոտ գյուղերը, հետո միայն՝ հեռավոր։ Հեռավոր գյուղերից բնակիչները չսպասելով գնորդների գալուն, իրենք են տանում վաճառելու մեծ քաղաքներ։
«Գնորդներ կան, գալիս են, բայց գինը մեզ հարմար չէ, կախված կարտոֆիլից գինը տարբերվում է: Մեզ հիմա ավելի շատ գինն է մտահոգում, խանութներում պարարտանյութը կրկնապատիկ թանկացել է, ուստի կարտոֆիլի այդ գինը մեզ ձեռնտու չէ, բայց մենք վաճառում ենք, ինչ անենք»,- ասաց ֆերմերներից մեկը։
Ախալքալաքի հողագործներն արդեն մտածում են՝ ցանել քիչ, շատ, թե նույնչափ, որքան ցանել էին նախորդ տարի։ Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի խոսքով, այս տարի պարենային ճգնաժամն անխուսափելի է։ Նա բոլորին կոչ է անում այս տարի հնարավորինս շատ ցանքատարածքներ մշակել:
«Սպասվում է պարենային դեֆիցիտ, ուստի պետք է հնարավորինս շատ կարտոֆիլ ցանել, նաև հացահատիկ, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան գյուղատնտեսական բիզնեսի ամենախոշոր խաղացողներն էին, իսկ այս տարի այնտեղ պատերազմ է»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Արդեն գարուն է, շուտով ախալքալաքցի հողագործն իր գյուղատնտեսական նոր տարին պետք է սկսի ավելի թանկ պարարտանյութով, թանկ վառելիքով ու մթերքներով, հուսալով, որ բերքը հաջող կլինի։