Ախալքալաքի Ազատության 36 բարձրահարկ շենքի 4-րդ հարկի բնակարանի պատշգամբից բետոնե կտոր է պոկվել և ընկել գետին: Տուժածներ չկան, սակայն շենքի բնակիչներն անհանգստացած են:

balkonn

Ինչպես պարզվեց, 4-րդ հարկում երկար ժամանակ է մարդ չի բնակվում և ծիծեռնակները բույն են հյուսել այդ պատշգամբում:

«Երեկոյան 22:30-ի սահմաններում էր, իջնում էի գնումների, ձայն լսեցի, չպատկերացրեցի, որ կարող է ինչ-որ վթար եղած լինի, հետ գալուց տեսա որ շենքի բնակիչները հավաքված են, հարցուփորձ արեցի, ասացին, որ 4-րդ հարկից բետոնե կտորներ են թափվել, եթե բախտներս չբերեր ու ինչ-որ մեկն անցներ հենց այդ պահին, ի՞նչ կլիներ»,- ասաց բարձրահարկ շենքի բնակիչներից Արտյոմը:

shenq

Շենքի բնակիչներն անհանգստացած են: Նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ պատահական անցորդների և շենքի բակում խաղացող երեխաների վրա չի ընկնի հերթական բետոնե կտորը:

«Բարձրահարկ շենք է, ոչ-ոք ուշադրություն չի դարձնում: Տեսեք այս կողմում էլ պատշգամբի փայտե մասերը գրեթե ցած են թափվում, մարդ չի բնակվում, նույնիսկ խոտեր են աճել: Ես չգիտեմ ով պետք է հետևի անվտանգությանը», – ասաց 5 հարկանի շենքի բնակիչներից մեկը:

Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն տեղյակ է խնդրի մասին, սակայն որևէ գործողություն իրականացնելու համար, անհրաժեշտ է բնակիչների դիմումը:

Ազատության 36 շենքի որոշ հարկերի բալկոններում ոչ միայն խոտեր են աճում, այլև կախված են փայտե տախտակները, որոնք բալկոնի մաս են կազմում: Բանն այն է, որ այն բնակարաններում, որոնց պատշգամբներում «ցանքատարածություններ» են առաջացել, երկար տարիներ է մարդ չի ապրում: Ով պետք է այս ամենին ուշադրություն դարձնի, այս շենքի բնակիչների անվտանգության համար դեռ անորոշ է:

bnakeli shenq

Աղունիկ Այվազյան