Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Վրաստանն ակտիվ պայքար է մղում նոր կորոնավիրուսի դեմ, Ջավախքում իրավիճակը հանգիստ է, այստեղ պատրաստվում են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին։
Եղանակի տաքացման հետ մեկտեղ արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Մարդիկ արդեն գարի են ցանում։ Ինչպես նրանք են նշում, կորոնավիրուսին չեն հավատում։
«Ինչ կորոնավիրուս, չկա նման բան, դա միայն նրա համար են ստեղծել, որ տարքիով մարդիկ ու խրոնիկ հիվանդները մահանան, նման բաներն առողջ մարդուն չի ազդում, մենք գյուղի մաքուր սնունդով սնված մարդիկ ենք, դա մեր վրա չի ազդի»,- ասում է Օրջա գյուղի բնակիչ Սամվելը։
Նա արդեն պատրաստել է իր տրակտորը և մի քանի օրից կսկսցի գարի ցանել։
«Բա պետք է ցանեմ, աշխատեմ, հիմա որ չանեմ, հետո ինչով եմ ապրելու, խոպան էի գնում, ճանապարհը փակեցին, եթե այստեղ էլ չաշխատեմ, ի՞նչ ենք ուտելու»,- ավելացնում է Սամվել Ակոջյանը։
Սամվելը միակը չէ, գյուղերում բոլորն են պատրաստվում գյուսատնտեսական աշխատանքների։
«Ես արդեն մի հողամասում ցանել եմ գարի, մյուս տեղերն էլ պատրաստվում եմ ցանել քանի դեռ եղանակը չի վատթարացել։ Հետո էլ պետք է սկսենք կարտոֆիլը ցանել։ Կորոնավիրուսը չէ, ինչ վիրուս ուզում է լինի, մենք ապրել ենք ուզում, պետք է աշխատենք։ Համ էլ ոչ մի այլ տեղացու հետ չենք շփվում, մենք ու մեր գյուղի բնակիչները, ովքեր դուրս չեն գալիս գյուղից»,- ասում է Խուլգումո գյուղի բնակիչ Արմենը։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ պետք է սկսել գյուղատնտեսական աշխատանքները, սակայն պաշտպանելով հիգենիայի և հեռավորություն պահպանելու բոլոր կանոնները։
«Պետք է այնպես անել, որ ժողովուրդը շատ չկուտակվի մեկ վայրում, բայց մյուս կողմից էլ պետք է նաև աշխատել այն ուղղությամբ, որ հողերը դատարկ չմնան։ Ժողովուրդը պետք է աշխատի, և՛ գարին, և՛ կարտոֆիլը ցանի։ Իհարկե, համաճարակն իր հերթին, բայց Աստված չանի, եթե արտադրությունը կանգնի, որպեսզի ժողովուրդն առանց փող չմնա, հացի գումար ունենա»,- նշում է Մախարե Մացուկատովը։
Մացուկատովը նաև հորդորում է բնակչությանը, որպեսզի անլուրջ չվերաբերվեն վիրուսին և խուսափեն ավելորդ վտանգից։
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն նույնպես ասում է, որ Գյուղնախարարությունն ակտիվորեն մասնակցում է վիրուսի դեմ պայքարին և միևնույն ժամանակ մարդկանց չի արգելում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
«Չի արգելվում զբաղվել գյուղատնտեսությամբ, պետք է մտածել սննդի մասին, օրինակ կան այնպիսի բաներ, որ թանկանում են՝ այլուրը, շաքարը, սակայն պետությունն այնպես է անում, որ դոլարին բարձրանալն ազդեցություն չթողնի այդ մթերքների գնի վրա, որպեսզի չթանական։ Պետք է շարունակել աշխատանքները, սակայն չի կարելի, որ 10 հոգի հավքվեն և սկսեն ցանել, պետք է պաշտպանել բոլոր կանոնները», – ասաց Ռամազ Գոգոլաձեն։
Գոգոլաձեն նաև հավելում է, որ բոլոր շրջաններից ֆերմերները, ովքեր օգնության կարիք են ուեն կարող են զանգել իրենց:
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնը բաց է, և ամեն օր աշխատում է:
Գայանե Ակոջյան