Ախալքալաքում «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» ՀԷԿ-երը կառուցող «Աիսի» ընկերությունը նախաձեռնություն է հայտնել Երկրի համաշխարհային օրվա կապակցությամբ մունիցիպալիտետում տնկել տնկիներ և մասնակցել դրանց տնկման գործընթացին։
Երեկ՝ մարտի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում «Աիսի» ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սակրեբուլոյի պատգամավորների և աշխատակիցների աշխատանքային հանդիպումը «Աիսի» ընկերության ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի պետ Մխիթար Ռստակյանը և նրա մյուս աշխատակիցները։
Հանդիպման նախաձեռնողը «Աիսի» ընկերությունն էր, որն այս տարի, ինչպես և նախորդ տարի, պատրաստվում է ծառերի տնկիներ նվիրել Ախալքալաքի մունիցիպալիտետին։
«Ուզում ենք քաղաքը կանաչապատել, քանի որ մենք ծառերը հատել ենք, ցանկանում ենք վերականգնել, մեկ տարի հետո էլ ենք ծառատունկով զբաղվելու: Մենք ուզում ենք շարունակել այս ավանդույթը»,- ասաց «Աիսի» ընկերության ներկայացուցիչը։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են, թե որտեղ ինչ ծառերի տնկիներ կարելի է տնկել, ինչպես նաև դրանց քանակը։
Ի սկզբանե համաձայնել էին ծառատունկն իրականացնել քաղաքում և հարակից տարածքներում, թեև առաջարկ է եղել ծառատունկն իրականացնել նաև գյուղական ճանապարհների երկայնքով։
«Գյուղերում շատ տեղեր կան, որտեղ հարկավոր է ծառեր տնկել, մենք արդեն դիմումներ ենք ստացել, Մաջադիա գյուղի ճանապարհի երկայնքով ծառատունկի համար, ուղղակի հետո այնտեղ պետք է վերահսկել, որ այնպես չլինի, որ տնկեն, իսկ հետո փչացնեն: Պետք է ամեն ինչի մասին մտածել, գյուղերի լիազորներին հրահանգել, որ վերահսկողություն իրականացնեն»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Նախնական պայմանավորվածության համաձայն, 150 սոճու տնկի կտնկվեն Հայաստան Կարծախ շրջանցիկ ճանապարհին, որտեղ տնկվել էին նաև անցյալ տարի։ Առաջարկվել է նաև ծառեր տնկել Խոսպիոյի մայրուղու վրա։ Սոճուց բացի պայմանավորվել են տնկել նաեւ 500 հացենու տունկ։
Ծառատունկի ժամկետը կոնկրետ չի նշանակվել, նշել են, որ կիրականացվի ապրիլի 18-ից ապրիլի 21-ը՝ կախված եղանակից։
Երկրի համաշխարհային օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 22-ին։