Եթե Ախալքալաքի որոշ ռեստորաններ սահմանափակումների պատճառով նախընտրեցին փակել, ապա մյուսները դեռ շարունակում են աշխատել առաքման ռեժիմով, առանձին դեպքերում նաև կորուստներ կրելով:

Ախալքալաքը փոքր քաղաք է, և ցանկացած սննդի օբյեկտ երկար չի դիմադրում, քանի որ այստեղ չկա դրսում սնվելու մշակույթ, այստեղ մեծ մասամբ սնվում են տանը: Երբ ռեստորան կամ սրճարան է բացվում, և եթե նորամուծություններ չկան, մարդիկ արագ հոգնում են և այնտեղ են գնում միայն տոնակատարությունները նշելիս, սակայն հիմա՝ կորոնավիրուսի պայմաններում, դա էլ հնարավոր չէ անել:

Վիրուսի տարածման հետ կապված ամբողջ Վրաստանում գործում են սահմանափակումներ, եթե դրանց մեծ մասը վերաբերում են խոշոր քաղաքներին, ապա որոշ սահմանափակումներ վերաբերում են նաև փոքր քաղաքներին: Ընդհանուր առմամբ, սահմանափակումները խոչընդոտ են հանդիսանում բիզնեսի զարգացմանը:

Սննդի կետերի մեծ մասը, որոնց վերաբերում են կառավարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները, նախընտրում են փակվել: Ոչ մի միանվագ 300 լարիանոց օգնություն չի կարող փրկել, որը պետությունը հատկացնում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և եկամտի աղբյուրը:

Որոշ օբյեկտներ էլ ելք են գտնում՝ գումար վաստակելով հենց առաքման ծառայությամբ:

«Առաքումն ամեն դեպքում արդարացնում է իրեն: Ոչ բոլորը կարող են այցելել բիստրո, բայց նրանք պատվիրում և սպասում են իրենց պատվերին», – ասում են «Յամմի բիստրո»-ից, որը բացվել է վերջերս և աշխատում է առաքման ռեժիմով:

Փակվել է քաղաքի կենտրոնական հրապարակի սրճարանը՝ «Գրանդ Մուր»-ը:

«Մեզ համար առաքումն իրեն չի արդարացնում, մինչ փակվելն էլ քչերն էին գալիս մեզ մոտ և սննդի պատվերները քիչ էին, ուստի մենք որոշեցինք փակել սրճարանը», – ասացին «Գրանդ Մուր»-ում:

Այս տարի բացվել է ևս մեկ բիստրո՝ «Ջավախք պանդոկ»-ը, ինչպես և «Յամմի բիստրո»- ում, այստեղ նույնպես անմիջապես հասկացան, որ պետք է առաքման ռեժիմով աշխատեն:

«Մենք ի սկզբանե աշխատում էինք առաքմամբ, հոգ տանելով մեր հաճախորդների և բնակչության մասին, որպեսզի նրանց տանը հարմարավետ ձևով սնունդ առաքվի: Դա ձեռնտու չէ, բայց մենք աշխատում ենք այնպես անել, որ մարդիկ տանը մնան և վարակի վտանգ չառաջանա: Պարետային ժամը սկսվում է 21:00-ից, բայց մենք թույլտվություն ենք ստացել և աշխատում ենք մինչև 22:00-23:00-ն», – ասացին «Ջավախք պանդոկ»-ում:

Այս ընթաքում Ախալքալաքում փակվել են ռեստորաններ, այդ թվում քաղաքի առաջին ռեստորաններից մեկը ՝«Եվրոսթար»-ը, նրանք կարծում են, որ եկամուտը չի գերազանցում ծախսերը:

«Մենք չենք աշխատում, քանի որ մեր ռեստորանը քաղաքից հեռու է գտնվում և պատվերները քիչ են, ուստի ավելի հեշտ է փակել ռեստորանը, աշխատակազմ չունենալ և աշխատավարձ չվճարել, քան առաքմամբ աշխատել: Դա պարզապես անշահավետ է», – ասում են «Եվրոստար» ռեստորանում:

«Իշխան» ռեստորանն արդեն 2 օր է սնունդն առաքում է, չնայած քչերը գիտեն այդ մասին:

«Երկու օր է, ինչ աշխատում ենք առաքմամբ: Մենք չէինք կարող պահել մեզ մոտ աշխատող մարդկանց, մարդիկ մնացին առանց ապրուստի միջոցների, նրանք խնդրեցին մեզ ինչ-որ բան անել, որպեսզի հացի փող ունենան: Մենք չենք գովազդել, ով գիտի, զանգահարում և պատվիրում է, կամ այստեղից անցնելիս պատվիրում են: Առաքումն իրեն չի արդարացնում՝ հազիվ աշխատավարձերի համար է հերիքում: Այս ամենին գումարած, մենք ջեռուցում ենք ռեստորանը, տաք եղանակին գոնե ջեռուցման համար չէինք վճարում», – ասում են «Իշխան»-ի սեփականատերերը:

Որքան կգոյատևեն այս պայմաններում սննդի օբյեկտները և արդյո՞ք սահմանափակումները վերացնելուց հետո նրանք կկարողանան ոտքի կանգնել…

Քրիստինե Մարաբյան