Ախալքալաքում, նախկին զինվորական թիվ մեկ ավանում արդեն 2 շաբաթ է ինչ սկսել են խաղահրապարակի և մինի-ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները։

Սկզբնականում որոշվել էր խաղահրապարակը և ֆուտբոլի դաշտը կառուցել նախկին զինվորական ավանի հարավային մասում, նախկինում հայտնի «Ռուսիչ» ռեստորանի մոտակայքում, աշխատանքները այդ տարածքում նույնիսկ սկսվել էին: Սակայն դրանք դադարեցվեցին և աշխատանքները սկսեցին մեկ այլ տարածքում, ավանի կենտրոնական մասում:

«Տարածքի փոփոխման հիմնական պատճառը՝ նախկին տարածքում ծառատունկ իրականացնելու ծրագիրն է, որի մասին տեղեկացրեց Պետական անվտանգության ծառայության տեղական մասի աշխատակազմի պետը։ Նախկին տարածքը համեմատաբար ավելի փոքր էր և արևկողմ, իսկ վերջնական տարածքը, որտեղ իրականացնում են աշխատանքներն, առավել ընդարձակ և հով է»,­ – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

Երեխաները շատ են ուրախացել խաղահրապարակի կառուցման համար:
«Լավ է, որ նոր խաղահրապարակ են կառուցում, ավելի շատ կխաղանք, հինը ժանգոտվել է, համ էլ շորերս է պատռվում», – ասում է մի երեխա:

«Հա, բա շատ լավ է, շենքից հեռու կխաղամ, մամաս էլ չի հետևի ինձ», – ասում է մեկ այլ երեխա:

­«Ես արդեն այդ տեղում եմ խաղում, դեռ չեն վերջացրել շինարարությունը, բայց հողով սարեր են սարքել»:

Հնարավոր է դաշտը ձմռանը այլ նշանակություն ունենա:
«Մեծ է ցանկությունը, որ ձմռան ամիսներին այդ դաշտը վերածենք սառցադաշտի, հատկապես, որ նման ժամանցի կենտրոն Ախալքալաքում չկա»,­ – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Ջուլիետա Տոնականյան