Մարտի 9-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը հիշարժան մրցանակներ է հանձնել տարբեր ասպարեզներում իրենց դրսևորած ախալքալաքցի մարզիկներին և մարզիչներին։

Պատվոգրեր և ձեռքի ժամացույցներ են ստացել 8 մարզիկ, 3 մարզիչ և 1 մրցավար։ Պարգեւները հանձնել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկները փետրվարին ավարտված բռնցքամարտի Վրաստանի առաջնությունում այս տարի աննախադեպ արդյունքներ են ցույց տվել։ Բռնցքամարտիկների հաղթանակների արդյունքներով առաջնությունում լավագույնն է ճանաչվել Ախալքալաքի մարզահամալիրի թիմը, իսկ հաղթողները ընդգրկվել են Վրաստանի հավաքականի կազմում՝ միջազգային ասպարեզում հաղթանակներ գրանցելու համար։