Երևանում տեղի են ունեցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը՝ Մակա Բոճորիշվիլիի գլխավորությամբ։
Այցի շրջանակներում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Մակա Բոճորիշվիլին և Էնդրյու Կուբիլիուսը հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումներին քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հարցերը և տարածաշրջանում ընթացող իրադարձությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության մարտահրավերներին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները և ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Մակա Բոճորիշվիլին պատրաստակամություն է հայտնել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով՝ Հայաստանի հետ համագործակցության խորացման համար, ընդգծելով երկարաժամկետ կայունության կարևորությունը դրա հետագա զարգացման և երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների համար։
Այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամ Լևան Քարումիձեն Վեհաժողովի բյուրոյի այլ անդամների հետ հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Հակոբյանի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, հանդիպման թեման եղել է նաև Արևելյան գործընկերության ապագան։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։