Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատել է Սյունիքի մարզ պլանավորած այցը, չի այցելել նախապես որոշված Գորիս, Կապան, Մեղրի, Քաջարան քաղաքներ և վերադառնում է Երևան։
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան»,- գրել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքը Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։
Վարչապետի՝ նախապես պլանավորված այցը մարզ սահմանափակվել է միայն Սիսիանով ու Սառնակունքով, մարզի մյուս խոշոր քաղաքների մուտքը դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից քաղաքացիները փակել են նրա համար։
Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք էր մատուցել պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներն, զրուցել հարազատների հետ։
Սիսիանում չնախատեսված հավաքի ժամանակ վարչապետն ասել էր, որ մարզի մյուս 3 խոշոր քաղաքում ճանապարհը փակ է, քանի որ այդ մարդիկ վախենում են, որ իրենց համայնքների բնակիչները լավ կընդունեն։
Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու վարչապետի մուտքը Սյունիքի մարզ»։
Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։
Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։