Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են Բերձորում։ Այդ մասին նա գրառում է արել իր թվիթեր-միկրոբլոգում։
«Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձել ենք Լաչին քաղաք (խմբ. Բերձոր)։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է քաղաքում։ Զաբուխ (խմբ. Աղավնո) և Սուս (խմբ. Ներքին Սուս) գյուղերը վերցվել են վերահսկողության տակ»,- գրել է Ալիևը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում նշվում էր, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Օգոստոսի սկզբին իրավիճակը խիստ լարված էր Արցախում, որի ընթացքում ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էր անօդաչուներ, ականանետեր և նռնականետեր։ Լարվածության հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ, 19 վիրավոր։
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստանի հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։
«Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը»,- ասված էր Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ, սկսվեց Բերձորից, Ներքին Սուսից և Աղավնոյից հայ բնակչության դուրս գալը։ Աղավնոյում որոշ բնակիչներ հեռանալուց առաջ այրում էին իրենց տները։
Չնայած ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը՝ Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը գործելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որը նախկինում Հայաստանի կողմից սկսվում էր Տեղ գյուղի մոտից, այսուհետ սկսվելու է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից։ Նոր միջանցքը ևս գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իսկ ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ տարածքներ կփոխանցվեն ռուսական վերահսկողության տակ։
Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Լաչինի նոր միջանցքն անցնելու է Քաշաթաղի և Շուշիի շրջաններով։ «Քաշաթաղի շրջանում միջանցքի հատվածն ընդգրկում է Մարաթուկ, Մելիքահող, Հունանավան և Մեղվաձոր բնակավայրերի ու բնակատեղիների տարածքը, Շուշիի շրջանում ճանապարհն անցնում է Հին շեն և Մեծ շեն համայնքներով և Տասը Վերստ գյուղի տարածքում միանում է Գորիս-Ստեփանակերտ գործող մայրուղուն»։