Տարբեր ԶԼՄ-ներով, այդ թվում՝ միջազգային, շրջանառվում են ռուս-ուկրաինական հակամարտության շփման գծում գտնվող գյուղերի գնդակոծման կադրեր, արդեն մեկ ամսից ավել է պատերազմի վերսկսված ակտիվ փուլի թեման իր արդիականությունը չի կորցնում։ Ի՞նչ են մտածում Կիևի և Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների բնակիչները հնարավոր պատերազմի մասին և ինչի են նրանք պատրաստ։

Կիև

Կիևի կենտրոնում, հայտնի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կրեշչատիկում, մենք հանդիպեցինք երեք երիտասարդների։ Հարցին, թե արդյո՞ք նրանք հավատում են, որ պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կսկսվի, վերջիններիս միջև երկխոսություն բռնկվեց։

Ukraina Kiev

-Միևնույն է,- ասաց տղաներից մեկը, իսկ մյուս երկուսը զարմացած նայեցին նրան։

– Իսկ ինձ համար միևնույն չէ: Ես չգիտեմ՝ Ռուսաստանը կհարձակվի, թե՞ ոչ, բայց ուզում եմ հավատալ, որ պատերազմ չի լինի։ Բայց եթե հարձակվի, ապա ես կգնամ պատերազմի՝ պաշտպանելու իմ տունը, հարազատներիս:

– Ես Մոլդովայից եմ, ընտանիքս Ուկրաինայից է։ Եթե պետք լինի,ապա կմարտնչեմ, ես էլ կգնամ պատերազմի։

Երբ երկու ընկերները արտահայտվեցին, առաջինը, ով սկզբում անտարբերություն ցուցաբերեց, լրջացավ ու ասաց, որ հարկ եղած դեպքում ինքն էլ կգնա կռվի։

Ukraina 3

Ukraina 1

Նմանատիպ պատասխաններ տվեցին բոլոր երիտասարդները, ովքեր հանդիպեցին մեզ Կիևի փողոցներում՝ անկախ սեռից։ Ի տարբերություն լրատվամիջոցների և եվրոպական երկրների, որոնք իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տալիս լքել Ուկրաինան, իրենք՝ ուկրաինացիները, խուճապի չեն մատնվում և գրեթե միշտ պատասխանում են, որ իրենց համար պատերազմը չի ավարտվել, պատերազմը շարունակվում է արդեն 8 տարի։

Ukraina 7

Լուգանսկի շրջանի քաղաք Սեւերոդոնեցկ

Ukraina 2

Դոնեցկի և Լուգանսկի շրաններում հանգիստ է, գոնե այս շրջանների այն հատվածում, որը վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Այստեղ բնակիչներն ապրում են իրենց առօրեական կյանքով։ Նրանք գնում են աշխատանքի, հաճախում դպրոց, մանկապարտեզ, քայլում են գլխավոր փողոցով։ Ինչպես Կիևում, նրանք նույնպես չեն հավատում լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը։

«Չէ, չեմ հավատում, որ պատերազմ կլինի, իսկ ինչի՞ պիտի լինի: Սա ի՞նչ պատերազմ է, սա թատրոն է, ոչ թե պատերազմ: Չորս տարում ամբողջ Եվրոպան ազատագրվեց, իսկ այստեղ արդեն 10 տարի է պատերազմում են», – Կրամատորսկի Պարկովայա փողոցում ասաց մի տարեց բնակիչ:

Ukraina 4

Մնացյալ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, ընդունված է կարծել, որ երկրի այս հատվածն ավելի ռուսամետ է։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հավատարիմ այս կողմնորոշմանը:

Ukraina 5

Դոնեցկի շրջանի քաղաք Կրամատորսկ

«Ես փորձում եմ քաղաքականությանը քիչ թե շատ չեզոք վերաբերվել: Ես չգիտեմ՝ կլինի պատերազմ, թե՞ ոչ, ես չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց իմ տեսանկյունից կան որոշակի ապրումներ: Որտե՞ղ ենք մենք տեսնում մեր ապագան՝ սադրիչ հարց է: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում այս հարցը: Ինձ համար դա ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Ուկրաինան: Ում կողմն են, նայած Ուկրաինայի որ հատվածից կնայենք: Դատելով պատմությունից… Այստեղ շատ են ռուսախոսները: Արևմտյան մասում ավելի շատ Ուկրաինայի կողմն են: Զուտ, իմ կարծիքով, այստեղ Ռուսաստանին են աջակցում»,- ասում է Կրամատորսկի բնակիչ, 22-ամյա Եվգենին:

Ukraina 6

Կրամատորսկ, Դոնեցկի շրջան

Բնակիչները խոստովանում են, որ տեղացիների կողմնորոշումը կախված է տեղեկատվական դաշտից, որտեղ նրանք գտնվում են։ Այստեղ աջակցում են հակամարտության երկու կողմերին։

«Եթե պատերազմ սկսվի, մենք, ամենայն հավանականությամբ, կգնանք Ուկրաինայի կողմը, այնտեղ ավելի ապահով է: Այստեղից հեռու: Ավագ սերունդը, թեև մեծացել է հետխորհրդային տարածքում, գրագողությունն ու լուրերը բոլորովին այլ կերպ են փոխանցվում: Ոմանք թելադրում են մի բան, մյուսները՝ մեկ այլ բան։ Ես հետևում եմ թե մեկին, թե մյուսին, երկու տեսակետներն էլ հետաքրքիր են։ Այլ կերպ հնարավոր չէ։ Ովքեր չունեն արբանյակային հեռուստատեսություն, ովքեր ռուսական հեռուստաալիքներ չունեն, իհարկե, դա այլ կերպ են ընկալում։ Նույնիսկ նրանք, ովքեր ասում էին այո, Ստալինը իդեալական ղեկավար էր։ Երիտասարդությունն ավելի ողջունում է Ուկրաինայի իշխանությունը՝ համեմատած Ռուսաստանի հետ։ Պարզապես կան մարդիկ, ովքեր պահպանում են չեզոքություն, անհանգստանում են իրենց կյանքի ու առողջության համար։ Իսկ նրանք, ովքեր մոլի ակտիվիստներ են, ընտրում են այս կամ այն կողմը։ Շատերն են մնացել առանց հայրերի, հարազատների, բարեկամների: Զոհեր կան երկու կողմում էլ»,- ասում է Կրամատորսկի 24-ամյա բնակիչը։

Ukraina 9

Լուգանսկի շրջան, ք.Սեւերոդոնեցկ

2021 թվականին Ռուսաստանը զորավարժությունների շրջանակներում, ինչպես ինքն է բացատրում, մոտ 100 հազար զինվորական է տեղակայել բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին։ Արեւմուտքում մտավախություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի և Ուկրաինային օգնում են ռազմատեխնիկական զինավորմամբ։

Քրիստինե Մարաբյան