Երևանում իշխանությունների հեռացման պահանջով բողոքի ակցիաների 12-րդ օրն ընդդիմադիրներն իրենց երթը կրկին մեկնարկել են Ֆրանսիայի հրապարակից։ Ակցիայի մասնակիցները բաժանվել են 4 խմբերի և երթով շարժվել դեպի Սայաթ-Նովա, Բաղրամյան, Մաշտոց և Հերացի պողոտաներ։ Փակել էին դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող ճանապարհը, որտեղ նրանց և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Ոստիկանությունը հորդորել է բացել երթևեկությունը, այնուհետև սկսել է քաշքշելով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Կարմիրբերետավորները փորձել են բերման ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն քաղաքացիները թույլ չեն տվել:

Քննչական կոմիտեն հայտնել է՝ տվյալներ են ստացվել, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց: Արմավիրի մարզի երկու բնակիչները ձերբակալվել են, հարուցվել է քրեական գործ։

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացրել է, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում արձանագրվել է «Հաղթանակի» կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը պատշգամբից թքում ցուցարարների վրա և միջնամատ ցույց տալիս։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ նախագահը հաստատել է միջադեպը՝ հայտնելով, որ մայրը ցուցարարների կողմից հնչող վիրավորանքներին է պատասխանել։

«Մայրիկի նյարդերը չի դիմացել»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ իրենց առջև այսօր խնդիր էին դրել կանգնեցնել քաղաքի շարժը․

«12։00-ից հետո Կենտրոն մտնող բոլոր ճանապարհները ձեր տրամադրության տակ էին։ Որևէ ոստիկանական ուժ, որևէ զորք չի կարող կասեցնել մեր ընթացքը։ Մի պահ պատկերացրեք՝ էս 4 խումբը դառնում է 8, 8-ը՝ 12, ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է․․․Էս օրերին միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է այս հրապարակի և մեր գործողությունների վրա։ Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը երբեք չի թուրքացվելու։ Սա այլևս փաստ է և վերջ»,- նշել է պատգամավորը։

Այնուհետև ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այն հարցին, թե ինչ է լինելու, երբ Փաշինյանին հեռացնեն։

«Առանց Նիկոլ Հայաստանում լինելու է համերաշխություն, ՀՀ քաղաքացին ապրելու է անվտանգ, ազատ, բարեկեցիկ, գյուղացին այս օրերին չի մտածելու սերմնացուի, պարարտանյութի, բազմաթիվ հոգսերի և խնդիրների մասին։ Մենք միասնաբար, կենտրոնացնելով մեր ողջ ժողովրդի ներուժը, ռեսուրսը, հնարավորությունները, բացառելով նախկինում տեղ գտած բոլոր թերությունները և սխալները, համախմբվելու ենք, բռունցք դառնանք և կառուցենք ուժեղ, անվտանգ և հզոր Հայաստան։ Նիկոլով դա հնարավոր չի»,- ասել է Սաղաթելյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը խոսել է նաև վաղվա ծրագրերից։

«Վաղը ժամը 13։00-ին Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավտոերթով շարժվել Վանաձոր, ժամը 09։30-ին Աշտարակի խճուղու սկզբնամասում կշարվեն մեքենաները։ Կգնանք Վանաձոր, կոգևորենք և ոտքի կհանենք մեր մարզային բնակչությանը»,- տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։00-20։00-ն տեղի կունենա մշակութային ծրագիր, իսկ 20։00-ին տեղի կունենա հանրահավաք, որից հետո էլ կմեկնարկի «Դիմադրության» երթը։

Սաղաթելյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները նաև առաջարկել են, որպեսզի վաղը ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից «խորհրդանշական երթ» մեկնարկի, որին կմասնակցեն բացառապես կանայք և աղջիկները։

«Քաղաքացիներն առաջարկել են 13։00-12։00-ն Երևանում մեքենաներով բարձր երաժշտությամբ՝ «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր Լաո» երգերով քաղաքում տրամադրություն ստեղծել»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը։

Նյութը արտատպված է՝ Hetq.am կայքից