Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքը կտրուկ անկում ապրեց, վրացական խոշոր բանկերի բաժնետոմսերը նույնպես փորձագետները պայմանավորում են երկրում քաղաքական անկայունությամբ, ինչը կապված է «Օտարերկրյա գործակալների մասին», կամ, ինչպես այն պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ։
Պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին նախարար, «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավայի կարծիքով՝ արժեզրկումը կապված չէ տնտեսական գործընթացների հետ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։
«Այս գործընթացը՝ լարիի փոխարժեքի փոփոխությունը, ոչ մի կերպ տնտեսական որևէ գործընթացի արդյունք չէ։ Այսինքն՝ զուտ տնտեսական տեսակետից դրական էֆեկտներ կան, այդ թվում՝ զգալի տնտեսական աճ, 3%-ից ցածր գնաճ, այսինքն՝ ոչ մի բան չէր կանխագուշակում, որ զուտ տնտեսական տեսանկյունից լարին խնդիրներ կունենա, բայց այն պատճառով, ինչ այժմ կատարվում է երկրում, երբ խորհրդարանն ընդունեց «թափանցիկության մասին» օրենքը, դա հարուցեց Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների բողոքը, ինչպես նաև մեր ռազմավարական օտարերկրյա գործընկերների քննադատությունը։ Սա ինչ-որ շոկային իրավիճակ է առաջացրել։ Սա փոքր ցնցում է, որն ազդել է Լոնդոնի ֆոնդային բորսայի և վրացական երկու խոշոր առևտրային բանկերի բաժնետոմսերի գնի վրա։ Որովհետև, երբ երկրում ինչ-որ քաղաքական անկայունություն է, այդ անկայունությունն առաջին հերթին արտահայտվում է գների փոխարժեքով, արժեթղթերի գնով: Բաժնետոմսերի գինը սկսեց աստիճանաբար նվազել։ Երբ արժեթղթերի գինը նվազում է, դա ստիպում է շատ պոտենցիալ ներդրողների նախընտրել հնարավորինս արագ իրականացնել իրենց գործարքները, որպեսզի ֆինանսական վիճակը չվատանա: Ուստի փորձում են հնարավորինս արագ գործարքներ իրականացնել, արտարժույթի պահանջարկը մեծանում է, երբ արտարժույթի պահանջարկը մեծանում է, դա բերում է լարիի փոխարժեքի անկման»,- ասում է Վլադիմիր Պապավան։
Լարիի փոխարժեքը կայունացնելու նպատակով Վրաստանի Ազգային բանկը վաճառել է 60 մլն դոլլար, նմանատիպ գործողություններ ձեռնարկվում են գրեթե ամեն անգամ, երբ ազգային արժույթի՝ լարիի կտրուկ արժեզրկում է դիտվում:
«Արդյունքում Վրաստանի Ազգային բանկը, որպես դրամավարկային քաղաքականության հիմնական ինստիտուտ և բանկերի վերահսկողության հիմնական ինստիտուտ, իրականացրեց 60 միլիոն ԱՄՆ դոլլարի ինտերվենցիա՝ փոխարժեքին աջակցելու համար։ Սա միանգամայն նորմալ է, երբ Ազգային բանկի պահուստները հասնում են գրեթե 5 միլիարդ դոլլարի, նման կրիտիկական իրավիճակում, անկասկած, արդարացված է։ Կլինե՞ն լրացուցիչ միջամտություններ, ամենայն հավանականությամբ կլինեն՝ ֆինանսական շուկան ինչ-որ կերպ հանգստացնելու համար։ Ինձ թվում է՝ դա ժամանակավոր է, հենց որ քաղաքական հարցը լուծվի, ֆինանսական շուկաները կհանդարտվեն»,- ասում է նա։
Վլադիմիր Պապավայի խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե հաջորդ շաբաթ ինչ քաղաքական իրադարձություններ կլինեն։
«Ցանկացած հարց, որը վերաբերում է փոխարժեքին, յուրաքանչյուր բառ կարող է ինչ-որ անցանկալի էֆեկտ առաջացնել, ուստի եկեք զերծ մնանք բացասական սցենարներից։ Կարող եմ ասել հետևյալը. հաջորդ շաբաթ Վենետիկի հանձնաժողովը կուղարկի իր մեկնաբանությունը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի վերաբերյալ։ Այնուհետև երկրի նախագահը հնարավորություն ունի քննադատական մեկնաբանություններ ուղարկել օրենքի վերաբերյալ, և շատ լավ կլինի, որ նա օգտվի Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանություններից, և խորհրդարանը քննարկի այս հարցը։ Այնպես որ, մենք կանխատեսումներ չենք անի»,- ասում է Վլադիմիր Պապավան։