Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի, մասնավորապես՝ Ախալքալաքի թիվ 3, Դիլիսկա և Կոթելիա գյուղերի մանկապարտեզները, գտնվում են կարանտինում՝ աշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով։

Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ մանկապարտեզները կարանտինում կմնան 8 օր:

Բացի այդ, ինչպես ասում է Մանկպարտեզների միավորման տնօրենը, ներկա պահին փակ են նաև Խանդո և Կարտիկամ գյուղերի նախակրթարանները: Բայց, պատճառը ոչ թե վիրուսի հայտնաբերումն է, այլ երեխաների ցածր հաճախելիությունը:

«Երեխաների շրջանում հիվանդության պատճառով մանկապարտեզ հաճախելու տեմպերը ցածր են, այդ իսկ պատճառով երկու գյուղի մանկապարտեզներ էլ փակ են», – ասում է Անահիտ Ասատուրյանը։

Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։

Ախալքալաքում և գյուղերում ընդհանուր առմամբ գործում է 16 նախակրթարան, որից 3-ն այլընտրանքային են:

Լիդա Ալմասյան