Այսօր, Ախալքալաքում՝ ժամը 10:00-ին, տարբեր պետական հիմնարկների աշխատակիցներ հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ՝ Թբիլիսի գնալու և մասնակցելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության ծրագրած հանրահավաքին:
Հանրահավաքի պատճառը պատասխանն է միավորված ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների ցույցերին:
Բողոքի ցույցերին մասնակցում են ինչպես պետական կառույցներում աշխատող մարդիկ, այնպես էլ «Վրացական երազանքի» ակտիվիստները:
Բացի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ավելի քան հարյուր մարդկ, մի քանի այլ միկրոավտոբուսներ սպասում էին Խոսպիո գյուղի մոտ, որպեսզի միանային շարասյունին և ուղևորվեին դեպի Թբիլիսի: Մի քանի տասնյակ միկրոավտոբուսներ շարժվեցին մի փոքր ավելի վաղ, իսկ շատերն էլ գնացին իրենց սեփական ավտոմեքենաներով:
Ըստ ականատեսների, առավոտյան ժամը 9-ին միկրոավտոբուսները սպասում էին ուսուցիչներին` Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի դպրոցների մոտ:
Վարորդներից մեկի խոսքով` նրանց այս ծառայության համար դեռ ոչինչ չեն տվել, ոչ գումար, ոչ էլ վառելիք:
«Բոլոր մեքենաների պետհամարանիշերը գրել են, դեռ ոչինչ չեն տվել: Հետո պիտի վճարեն», – ասում է միկրոավտոբուսի վարորդը:
Ըստ ցուցարարների, յուրաքանչյուրին սնվելու համար տրվել է 15 լարի:
Ինչպես վստահեցնում են պետաշխատողները, հանրահավաքը կտևի մեկ ժամ, դրանից հետո բոլորը կվերադառնան տուն:
Հարցին, ճի՞շտ է արդյոք, որ աշխատողներին հարկադրել են մասնակցել հանրահավաքին, շատերը հրաժարվեցին պատասխանել:
Մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք չեն որոշում մասնակցել հանրահավաքին, թե ոչ: Նրանց այդպես ասել են իրենց ղեկավարները. «Պետք է մասնակցեք և վերջ»:
«Իհարկե, չեմ ցանկանում, այդքան երկար ճանապարհ գնալ, և ընդհանրապես, ես վատ եմ տանում ճանապարհը, ինձ մոտ սրտխառնոց է առաջանում, բայց ինչ արած, մեզ կարգադրել են, հարկավոր է գնալ»,-ասում է մեկ այլ մասնակից: