Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, սեպտեմբերից առաջին դասարանցիներին կտրվեն նոր համակարգիչներ, որոնք ավելի մեծ հնարավորություններ կունենան:

Նրա խոսքով մինչև տարեվերջ երկրի մասշտաբով շուրջ 400 դպրոց կունենա համացանց, այս գործընթացը շարունակական կլինի:

«Սեպտեմբերից դպրոցներին կտրվեն նոր նոութբուքեր, որոնք կունենան գրեթե նույն հնարավորությունները, ինչ լիարժեք համակարգիչները: Աշակերտներին սեպտեմբերից նորություններ կառաջարկենք: Առաջինը, որ պետք է բարելավենք, դա տեխնիկական պարամետրերն են: Երեխաները ապահովված կլինեն այնպիսի նոութբուքերով, որոնք կբավարարեն բոլոր անհրաժեշտությունները»,- հայտարարել է Բատիաշվիլին՝ հավելելով, որ մինչև տարվա վերջ Թբիլիսիի և շրջանների շուրջ 400 դպրոցներում պետք է լինի Wi-Fi (շարժական ինտերնետ):

Վրաստանի դպրոցներում ամեն տարի նեթբուքեր են բաժանվում մոտավորապես 50 000 առաջին դասարանցիների:

«Իմ առաջին համակարգիչը» պետական ​​ծրագիրը Վրաստանում սկսել է գործել 2010 թվականից: Այդ ժամանակ նեթբուքեր են ստացել ընդամենը մի քանի դպրոցների աշակերտներ: Իսկ արդեն 2011-ից նեթբուքերը հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:

Նեթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնակրթական խաղեր: