Կորոնավարակի պատճառով գրեթե երկու տարի է ինչ Վրաստանի ցամաքային և օդային սահմանները փակ էին, վերջապես հունիսի 1-ին բացվեցին ցամաքային սահմանները։ Բայց երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է մի շարք փաստաթղթեր ներկայացնել։
Երկու տարի իրենց հարազատներին և բարեկամներին չայցելած անձիք, արդեն պատրաստվում են Վրաստան գալ, սակայն Վրաստան մուտք գործելու համար առաջինը՝ պետք է PCR թեստի բացասական արդյունքի վկայագիր (վերջին 72 ժամվա ընթացքում) ներկայացնեն: Թեստի հանձնելու գործընթացը այսքանով չի սահմանափակվում: Ախալքալաք եկած այլ քաղաքացիները երկրորդ անգամ կարող են թեստ հանձնել Ախալքալաքի առողջապահական կենտրոնում։
«Թեստերը իրականում այլ երկրի քաղաքացիները պետք է հանձնեն Ախալցիխեում, բայց մենք փորձում ենք օգնել քաղաքացիներին, որպեսզի և թեստ հանձնելուց, և պատասխանը ստանալուց, ամեն անգամ չգնան հասնեն Ախալցիխե: Պայմանագիր ենք կնքել Ախալցիխեի լաբարատորիաներից մեկի հետ և մեր կատարած անվճար թեստերի հետ կատարում ենք նաև այլ երկրի քաղաքացիների թեստավորումը։ Գումարը վճարում են TBC բանկի միջոցով, մեզ հետ ընդհանրապես կապ չունի», – ասում է Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը։
Թեստի արժերքը 110 լարի է, սակայն, եթե անձը ցանկանում է, որ պատասխանը շատ շուտ իմանա՝ 5 ժամվա ընթացքում, ապա այս դեպքում 130 լարի պետք է վճարի։
Այն անձինք, ովքեր 72 ժամ հետո պետք է նորից թեստ հանձնեն, իրենք պետք է գնան և դիմեն Առողջապահական կենտրոնին։
«Մենք չենք կարող գնալ և նրանցից թեստ վերցնել, քանի որ սահմանից կարող է մեզ շատ ուշ ուղարկվել տեղեկությունն այն մասին, որ այդ անձը հատել է սահմանը, դրա համար հենց իրենք պետք է մեզ դիմեն, թեստ հանձնելու համար», – ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Ինչ վերաբերում է առողջության ապահովարգությանը, ապա այն պարտադիր չէ։ Ապահովագրությունը նրա համար է, որ օրինակ՝ եթե օտար երկրի քաղաքացին մտնի Վրաստան և Վրաստանում նրա մոտ հաստատվի կորոնավարակ, այդ դեպքում, առողջության ապահովագրության պարագայում իր երկիրը կհոգա բուժման ծախսերը։ Սահմանին բժշկական ապահովագրության փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր չէ։
Հիշեցնենք, որ այն քաղաքացիները, որոնք դեռ պատվաստված չեն, նրանց թույլատրվում է Վրաստան մուտք գործել 53 երկրից: Նրանց ընդունում են ցամաքային սահմաններում և օդային ճանապարհով` սահմանը հատելուց 72 ժամ առաջ կատարված PCR թեստի հիման վրա, ինչպես նաև այն պայմանով, որ երկրում գտնվելու երրորդ օրը նրանք կրկին կհանձնեն կորոնավիրուսի թեստ` իրենց հաշվին: Միևնույն ժամանակ, նրանք նախապես պետք է լրացնեն Վրաստան պարզեցված մուտքի հատուկ ձևաթուղթը:
Եթե օտարեկրյա այցելուն չհանձնի կրկնակի PCR թեստ, նրան կտուգանեն 2 000 լարիով։