Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ կապված «Log in Georgia» նախագծի իրականացման և ապագա ծրագրերի հետ։

Հանդիպմանը քննարկվել են օպտիկական ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում զարգացման հարցերը, ինչպես նաև ձեռք բերված արդյունքներն ու հետագա անելիքները։ Բացի այդ, քննարկվել է Վրաստանի՝ որպես թվային հաբի ներուժն առավելագույնի հասցնելու հարցը։

Ինչպես հանդիպումից հետո նշել է Նաթիա Թուրնավան, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համացանցայնացման ծրագիրը բավականին բարձր տեմպերով է առաջ գնում։

«Մենք ավարտել ենք Օզուրգեթիի մունիցիպալիտետում գերարագ ինտերնետի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի կառուցումը: Հաջորդ փորձնական շրջանը Քոբուլեթին է, որտեղ գործընթացն արդեն սկսվել է։ Տենդեր է հայտարարվել նաեւ Ռաճա-Լեչխումիի եւ Քվեմո Սվանեթիի շրջանների համար»,- ասել է Թուրնավան։

Իր հերթին Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Չարլզ Հարփն ասել է, որ գոհ է նախագծի իրականացման առաջընթացից։

«Նախագծի նպատակն է թվային ծառայությունների ապահովումը, թվային ներառականությունը հանրապետության այն գյուղերում, որտեղ այսօր համացանցի նկատմամբ հասանելիություն չկա»,- հայտարարել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։

«Log in Georgia» նախագծի շրջանակներում 1000 բնակավայրերում (ներառյալ բարձրալեռ գյուղերը) ազգային մասշտաբով օպտիկամանրաթելային հաղորդակցություն կանցկացվի, ինչի արդյունքում մոտ 500 հազար մարդ կստանա ինտերնետ։

Տեղեկությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։