Այսօր՝ հունվարի 24-ին, Վրաստանում բողոքի ակցիա կանցկացվի COVID-սահմանափակումների դեմ: Ժամը 14:00-ին, կառավարության վարչության շենքի դիմաց կհավաքվեն քաղաքի բնակիչները, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:

Միջոցառմանը սոցցանցերում հիշատակվում է «սոցպայթյուն» (#სოცაფეთქება) հեշթեգով, ասվում է՝ բողոքի ակցիան միավորում է բոլոր սեգմենտները և տնտեսության բոլոր ոլորտները, որոնցից տուժել են բնակիչները իշխանությունների կողմից սահմանված կոշտ սահմանափակումների արդյունքում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա մինչև հիմա բողոքի ակցիային մասնակցելու պատրաստակամության մասին հաստատել են՝ Գիրչի, Միասնական ազգային շարժում, Աղմաշենեբելիի ռազմավարություն և Լելո կուսակցությունները:

Սպասվում է, որ բողոքի ակցիային կհնչեն մի շարք պահանջներ.

Սահմանափակումների վերացում ձմեռային հանգստավայրերում,
Սահմանափակումների վերացում կրթության ոլորտում (համաճարակով պայմանավորված մի շարք քաղաքներում շարունակվում է հեռավար ուսուցումը),
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց հնարավություն տալ ազատ տեղաշարժվել,
Վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը,
Չեղարկել պարետային ժամը և այլն:

2020 թվականի նոյեմբերի 28-ից, երկրում համաճարակաբանական վիճակից ելնելով իշխանությունները խստացրել են կարգավորումները: Այն ժամանակ ասվում էր, որ երկիրը նորմալ կյանքի կվերադառնա մինչև փետրվարի 1-ը: Խոստացված սահմանափակումների մեղմացումը տեղի չունեցավ, իսկ վերջին օրերին հայտարավեց նոր ծրագրի մասին, որը քննադատության մեծ ալիք բարձրացրեց երկրում: