Այսօր, ժամը 13:00-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրողներին, պաշտոնապես ներկայացրեց մեծամասնական ընտրակարգով պատգամավորի իր թեկնածուին, Նինոծմինդայի ոստիկանության նախկին պետ` Արսեն Կարապետյանին:

nacionali5

Թեկնածուին ներկայացնելու էր եկել «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն և այլ անդամներ, կուսակցական ակտիվիստներ:

«Խաս Բախչա» զբոսայգում կար ավելի քան հարյուր մարդ: Նրանք եկել էին ազգային դրոշով և Արսեն Կարապետյանի անվամբ փոքր պաստառներով և հինգ համարով: Երիտասարդները հագել էին նաև կուսակցության խորհրդանիշներով շապիկներ:

nacionali2

Ներկայացնելով պատգամավորի թեկնածուին, Դավիթ Բաքրաձեն ողջունեց հավաքվածներին, ասելով մի քանի բառ հայերեն, հետո շնորհակալություն հայտնեց ժամանակ գտնելու և գալու համար:

«Տարածաշրջանի համար կարևոր է, որ մարդը, ով հաղթում է մեծամասնական ընտրությունները պարտավորված լինի ձեր հանդեպ, քանի որ ընտրությունները դա պարտավորվածություն է, դա արտոնություն չէ: Սիրելիներս, դուք մի ընտրեք մեկին, ով մտնի խորհրդարան և հպարտանա, որ նա Խորհրդարանի պատգամավոր է: Ոչ, ընտրությունները պարտավորվածություն է: Դուք ընտրեք այն մարդուն, ով պարտավորված կլինի ձեր հանդեպ, կվճարի այդ պարտքը գործերով, որը նա կանի տարածաշրջանի համար», – ասաց Դավիթ Բաքրաձեն:

Հավաքվածներին նաև ողջունեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, միայն հեռուստացույցի էկրանից, որը հատուկ բերել էին տեսահաղորդագրությունը ցուցադրելու համար:

nacionali3

«Մենք կառուցել ենք ճանապարհներ, որոնք կարևոր են տարածաշրջանի համար, հետո մենք կառուցեցինք երկաթուղին, հենց այդ երկաթուղին սկսի աշխատել, չնայած այն պիտի աշխատեր մի քանի տարի առաջ, Ախալքալաքում և Նինոծմինդայում կլինեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Այն կդառնա մեծ առևտրական ուղիների կենտրոն: Տեղացիները կարող են վաստակել իրենց տարածաշրջանում: Ես շատ եմ հարգում Արսեն Կարապետյանին: Նա շատ նպատակասլաց է, նա ուժեղ է և բնավորությամբ և ոգով: Ողջունում եմ ձեզ Արսեն, ողջունում եմ ձեզ բոլորիդ, Ես ձեզ շատ եմ սիրում իմ ախալքալաքցիներ և նինոծմինդացիներ», – ասվում էր տեսանյութում:

Այս ամենից հետո իր առաջին նախընտրական ելույթով հանդես եկավ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից պատգամավորի թեկնածու Արսեն Կարապետյանը:

Նա նախ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին հայերեն լեզվով ասելով, որ շատ գոհ է, որ եկել են անտեսելով չգալու կոչերը և ապա ռուսերեն լեզվով շարունակեց իր ելույթը:

nacionali4

«Ես ոչ մի պահանջ չունեմ «Վրացական երազանքից», քանի որ շատ դժվար է պահանջել անհնարինը մի կուսակցությունից, որը ոչ միայն ինքը չի ստեղծել ոչ մի բան, այլ չի կարողացել պահպանել այն, ինչ թողել ենք մենք, մեր գործունեության վերջին 9 տարիների ընթացքում», – ասաց Արսեն Կարապետյանը:

«Մենք չունենք նախընտրական խոստումներ, քանի որ մենք հոգնել ենք խոստումներից: Ես ունեմ նախընտրական ծրագիր», – եզրափակեց նա, սակայն այս հանդիպման ժամանակ չխոսեց ծրագրից:

Պաշտոնական հանդիպման ավարտից հետո պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանը և «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն շփվեցին մարդկանց հետ:

Շուշան Շիրինյան