Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում Խուդավերդյանների ընտանիքում խնամքով և հավատքով պահվում են երկու ձեռագիր մատյան և կնիք, որոնք ըստ ընտանիքի անդամների, հզոր զորություն ունեն:
Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումից և Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Ջինիս, Երկան Մասուր և այլ գյուղերից՝ 1829 թվականին, ռուս-թուրքական պատերազմի հետևանքով։ Այն ժամանակ Խուդավերդյանների նախնիները դժվարին պայմաններում բերել են իրենց հետ երկու ձեռագիր մատյան և կնիք:
Ձեռագրերն արդեն վաթսուն տարուց ավելի է, ինչ պահում է Նաստյա տատիկը, ով գրքի թվագրության և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չունի, սակայն մի բան հստակ պնդում է՝ «Սա Ամենափրկիչ սուրբ գիրքն է և հզոր զորություն ունի»։ Գրքերը նրան հասել են սկեսրայրից:
Ձեռագրերը բավականին մաշված են, իսկ կազմի վրայի զարդերը և խաչը գույություն չունեն՝ «Կոմունիստների ժամանակ սկեսրայրս գրքի վրայի քարերը և զարդերը վաճառել է, իսկ գիրքը գցել է թոնիր, բայց նրա եղբայրը չի թողել, որ գիրքը վառվի և փրկել է»,- պատմում է Նաստյա տատիկը։
Գրքերը բավականին վնասված են և թերթերը գրեթե ամբողջությամբ պոկված, անգամ էջերն են խառնված։ Երկու մատյաններում էլ մանրանկարչական տարրերը այդքան էլ հարուստ չեն, սակայն եղածներն էլ բավականաչափ վնասված են: Վնասվածքների մի մասը խոնավությունից կամ պահպանման համար անհամապատասխան պայմաններից է առաջացել, սակայն մեծ է նաև արհեստական գործոնները, որոնք մնացել են գիրքը վերացնել փորձող անձանց կողմից։ Այնուամենայնիվ մի բան հստակ է՝ գիրքը գտնվում է քայքայման պրոցեսում, կամ, ինչպես ասում է Նաստյա տատիկը, «ցեցը ընկել է»։
Գրքի գոյության մասին տարածաշրջանում գիտեն բավականին շատ մարդիկ և հաճախ գալիս մոմ են վառում և աղոթում, այն հավատքով, որ «Ամենափրկիչը» ի զորու է կատարել իրենց խնդրանքը։
«Շատ մարդիկ են գալիս աղոթելու, ամենքը մի դարդ ունեն և գիտեն, որ մեր Ամենափրկիչ գիրքը սրբի զորությամբ կօգնի իրենց»,- ասաց Նաստյա տատիկը, ով գրքի հետագա ճակատագիրը նույնպես տեսնում է իրենց տանը, քանի որ ջավախքցիներն համարում են, որ ձեռագիրը տնից հեռացնել չի կարելի, ընտանիքին դժբախտություն կբերի։
«Հինգ տղա թոռ ունեմ, նրանցից մեկին կտամ, կպահեն»,- ասաց նա։
Նաստյա տատը ձեռագրերը պահում է հատուկ պահարանում, որի դիմաց կա մեծ սկուտեղ՝ նախատեսված մոմեր վառելու համար։
«Գրքին պետք է լավ նայել, այն շատ է տանջվել մարդկանց պատճառով և մարդկանց համար։ Երբ գիրքը արդեն ինձ մոտ էր երազ տեսա, և երազումս Տեր Աստվածն ինձ ասաց՝ «Ես շատ եմ տանջվել, ինձ լավ պահիր», այդ երազից հետո վստահ եմ, որ այն Ամենափրկիչ սուրբ գիրքն եմ իմ տանը պահում», – գրքի մասին պատմեց Նաստյա տատիկը։
Նաստյա տատը ձեռագրերից բացի խնամքով պահում է, ինչպես ինքն է պնդում, սուրբ զորությունով օժտված կնիքը։ Այդ կնիքով նա կնքում է մարդկանց մարմինների վրա, տաքացնելով այն կրակի վրա, ինչը ըստ նրա առողջություն է խորհրդանշում։
Այն փաստը, որ ձեռագրերը բավականին հին ժամանակների է թվագրվում միանշանակ է, բայց արդյո՞ք այդ կնիքը որևէ կապ ունի ձեռագրերի հետ, կամ ինչի՞ց է Նաստյա տատը ենթադրել, որ այն իր մեջ կրում է գրքերի զորություն, չունի որևէ հստակ մեկնաբանություն։
Գոյություն ունի տեսակետ, որ նախկինում, երբ ուխտագնացները հասել են Երուսաղեմ, այնտեղ նրանց մարմնի վրա կնիք են դրել, որը խորհրդանշել է, որ տվյալ անձը ուխտը կատարել է։ Չի բացառվում նաև այն տեսակետը, ըստ որի այդ կնիքը սովորական կնիք է, որը պատկանել է եկեղեցուն։
Կնիքի վերաբերյալ և վերջինիս ու ձեռագրերի կապի մասին մեր հարցերին պատասխանեց պատմական գիտությունների դոկտոր` Կարեն Մաթևոսյանը.
«Նախկինում հայտնի մարդիկ (քահանաները կամ տանտերերը) կնիք են ունեցել իրենց անուններով, և ստորագրության փոխարեն կնիք էն դրել։ Եթե դուք այս կնիքը օգտագործեք և մի թուղթ կնքեք, դրա վրայի գրածը կպատմի իր մասին։ Ավետարանի հետ չգիտեմ ինչ կապ ունի՝ գուցե գրքի տիրոջն է պատկանել։ Դրանով մարդկանց կնքելը սնահավատություն է, իսկ վրայի գրությունը կարդալու համար այն պետք է թաթախել թանաքի մեջ և թղթի վրա կնքել, որից հետո հնարավոր է այն ընթերցել, համենայնդեպս այն կարող է դրա տիրոջ անունը լինել»:
Ինչպես ասում է Նաստյա տատի տղան, նախկինում այս կնիքը ավելի մեծ է եղել և ունեցել է երկու կողմձ:
«Բայց քանի որ այն դանակով քերել և փշրունքները ուտեցրել են հիվանդներին, բժշկելու նպատակով, այն փոքրացել է և ստացել այս ձևը», – ասաց Աշոտ Խուդավերտյանը։
Աշոտ Խուդավերդյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ մասնագետներ, ովքեր վերջերս Ծուղրութի ավետարանի վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, հետաքրքրված են գրքի ապագայով և որոշել են համապատասխան ֆինասների հայթայթման դեպքում այն մշակել Խուդավերդյանների տնից այդ դուրս չհանելով։
Ջուլիետա Տոնականյան