Էներգամատակարարման բաժանորդը պարտավոր է վճարել սպառված էլեկտրաէներգիայի համար որոշակի ժամանակահատվածում, հակառակ դեպքում վճարում է տուգանք, իսկ նրա համար, որ ոչ նորմալ էներգամատակարարումից բաժանորդները մրսում են, կամ փչանում է նրանց սարքավորումները պատասխանատու է հենց ինքը՝ բաժանորդը:
Էներգամատակարարման «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության աշխատողները արդեն 4 օր է աշխատում են վերացնել Ախալքալաքի հոսանքի գծերի վթարը: Ախալքալաքի բարձր լարման ստորգետնյա գծերի վթարները հաճախակի են դառել: Արդեն երկու օր է, դեկտեմբերի 3- ից 4-ը Ախալքալաքի 415 բաժանորդ մնացել էին առանց էլեկտրականության: Ձմռանը, երբ դրսում ջերմաստիճանը զրոյից ցածր է, իսկ ջեռուցման համակարգերի մեծ մասը գործում է էլեկտրաէներգիայի առկայությամբ, կարելի է պատկերացնել այդ բնակիչների վիճակը:
Էլեկտրափոխանցման գծի վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը, մոտ 13:00-ին: «Էներգո Պրո Ջորջիա»-ի աշխատակիցները վթարի ճշգրիտ վայրը որոշելու համար լաբորատորիա են կանչել: Ըստ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների սպասարկման կենտրոնի մենեջեր Վասո Անանիաշվիլիի, լաբորատորիան ժամանել է ժամը յոթին: Վթարի վերացման աշխատանքները տևել են մինչ գիշերվա ժամը 2-ը, սակայն ապարդյուն:
«Վթարը գետնի տակ է, մենք մտածում էինք մի տեղում էր, վերացրեցինք, բայց ոչ: Սկզբում մենք մտածեցինք, որ երևի թե գիշերն ենք աշխատել, մութ է եղել և չենք կարողացել կոկիկ աշխատել, ցերեկը կրկին նայեցինք, պարզվում է կան այլ խափանումներ: Մասնավորապես քանի տեղերում չգիտենք, փնտրում ենք, հիմա ընթանում են աշխատանքները: Կրկին լաբորատորիա ենք կանչել և հիմա նրանք աշխատում են », – ասում է Վասո Անանիաշվիլին:
Բայց մինչ աշխատողները լաբորատորիայի օգնությամբ փնտրում էին լարի խափանումները, «Էներգո Պրո Ջորջիա» -ի վթարային ՏԿ (տրանսֆորմատորային կայարան) բաժանորդներին միացրել են այլ ՏԿ-ի: Տներում լույս կա, թեև լարումը այնքան թույլ է, որ շատ բաժանորդների մոտ չեն աշխատում կենցաղային տեխնիկան և ջեռուցման համակարգը:
Վթարային ՏԿ-ների բաժանորդները բողոքում են, որ տարին մի քանի անգամ նրանք նման իրավիճակի մեջ են հայտնվում: Շատերը հիվանդացել են ցրտից, բացի այդ շարքից դուրս է եկել տեխնիկան: Բաժանորդները բողոքում են, որ ընկերությունը չի աշխատում լարերի վթարների կանխարգելման վրա:
Թոշակառու Անահիտը դժգոհում է, որ նրանք տանը էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ունեն խնդիրներ և դա տեղի է ունենում տարին երկու կամ երեք անգամ: Նա վրդովված է, թե ինչու ընկերությունը չի փոխում հին լարերը՝ խուսափելու համար այդպիսի իրավիճակներից:
«Եթե մենք մի օր ուշ վճարենք էլեկտրաէներգիայի ծախսերը, լույսերը նրանք անմիջապես անջատում են, տուգանում: Իսկ ինչ պարտականություններ ունի ընկերությունը իր բաժանորդների առջև: Ով պետք է տուգանի ընկերությանը դրա համար, որ մենք երկու օր է լույս չունենք, ով պետք է մեզ փոխհատուցի մեր բարոյական և կենցաղային վնասները », – ասում է Անահիտը:
Շատերը նաև դժգոհում են, թե ինչու այդքան մեծ տարածաշրջանը չունի իր լաբորատորիան, ինչի հետևանքով պատահարների վերացումը շատ ժամանակ է պահանջում:
Լաբորատորատորիայի վերաբերյալ մենեջերը ասաց, որ դա շատ թանկ մեքենա է, դրա համար էլ յուրաքանչյուր տարածաշրջանի չեն տալիս: Մի քանի շրջաններ ունեն մեկ նման մեքենա:
Իսկ ընկերության պարտավորությունների վերաբերյալ մենեջեր Վասո Անանիաշվիլին ասաց հետևյալը.
«Ես չեմ կարող պատասխանել «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության պարտավորությունների մասին: Դրա համար դիմեք գլխավոր տնօրենին: Իսկ աշխատանքների մասին կասեմ, որ մենք գյուղերում շատ աշխատանք ենք արել, մարդիկ դա չեն տեսնում, ինչ է: Ամբողջ տարվա ընթացքում միայն Խանդո գյուղում 120 սյուն ենք փոխել, մյուս գյուղերում նույնպես փոխել ենք: Բացի այդ, գյուղերի 50% – ի մոտ դրել ենք անհատական հաշվիչ: Գիծը, որը այս օրերին խափանվել էր, հաջորդ տարվա նախագծում էր: Լարերը յուղային են ու արդեն չորացել են, դրանք միանգամից փոխել չենք կարող », – ասում է Վասո Անանիաշվիլին:
Ըստ նրա, քաղաքում այդ գործընթացը դժվարացնում են նաև կոյուղու և ջրամատակարարման խողովակները, ինչպես նաև, անհրաժեշտ է թույլտվություն վերցնել ասֆալտը փորելու համար:Սակայն, սպասարկման կենտրոնի մենեջերը հավաստիացրեց, որ նրանք աստիճանաբար լրիվ կփոխեն:
Ախալքալաքի շրջանում կա 16 000 բաժանորդ, իսկ Նինոծմինդայի շրջանի հետ միասին մոտ 25 500 բաժանորդ:
Մինչ «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությունը այս տեմպերով կփոխի Ախալքալաքի բոլոր հին լարերը, կանցնի մեկ տարուց ավելի:
Շուշան Շիրինյան