Նալբանդյան փողոցում արդեն երրորդ օրն է, ինչ ասֆալտի տակից ջուրը դուրս է բխում շատրվանի պես: Բնակիչները բողոքում են, որ համապատասխան մարմինները չեն արձագանքում:

Ախալքալաքի Նալբանդյան փողոցում «գետ» հոսում է, որը «սկիզբ» է առնում «շատրվանից» ասֆալտապատված փողոցի մեջտեղում, №71 տան դիմաց: Բնակիչները պնդում են, որ ջուրը հոսում է նախորդ առավոտից սկսած:

«Մենք զանգահարեցինք Արտակարգ իրավիճակների Նախարարություն: Ինձ ասացին, որ այսօր (խմբ. զանգել են կիրակի օրը) աշխատանքային օր չէ, ձևակերպենք դիմումը, վաղը կգանք: Եկել են, թե՝ ոչ, նայել են, թե ոչ, ոչ-ոք չգիտի: Այսպիսի վիճակ է մինչ հիմա», – ասում է Նալբանդյան փողոցի բնակիչներից մեկը:

jur3

Ըստ բնակիչների ամեն ինչ սկսվել է նրանից, որ ճանապարհի ջրհորից ջուր էր հոսում, բայց մի պահ հավաքված ջուրը անհետացավ, և դրա փոխարեն փողոցի մեջտեղում բացվեց շատրվան և ջուրը սկսեց հոսել փողոցի երկյանքով:

jur4

jur6

jur

Բնակիչների զանգերին, Վրաստանի միասնական ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանն ասել է՝ սա մասնավոր տարածք է, և որ ինքը պատասխանատու չէ դրա համար: Բնակիչները փորձել են գտնել մեկին, ով կօգնի կամ առնվազն կբացատրի, թե ում ջրի խողովակն է պայթել: Նալբանդյանի փողոցում ջուրը հոսում է տների երկայնքով, թեև աննկատ, բայց նվազել է: Բնակիչները մտահոգված են այն բանից, որ ջուրը ներծծվում է իրենց տների հիմքերի տակ: Նրանք կարծում են, որ այս ամենի պատճառը ասֆալտապատման աշխատանքներն են՝ անցյալ տարվա բարակ շերտապատված ասֆալտը:

jur1

Մենք ևս զանգահարեցինք Վրաստանի միասնական ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանին, պարզելու համար, թե ով է պատասխանատու, պայթած ջրատար խողովակի համար:

«Մենք տեղյակ ենք միջադեպի մասին, իսկ դուք հարցրել եք, թե ում խողովակն է դա: Նրանք շատ լավ գիտեն, ումն է գիծը, բայց չեն ուզում պատասխանատվություն ստանձնել, քանի որ նրանք ունեն երկու գիծ: Ներկայումս, Նախկին զինվորական ավանում մեծ խնդիր կա, աշխատողները այնտեղ են աշխատում: Ես չեմ կարող ասել նրանց, թե թողեք Նախկին զինվորական ավանում ձեր աշխատանքը և աշխատեք քաղաքում ինչ-որ մեկի քմահաճույքի համար», – պատասխանեց Վարդ Մոսոյանը և ավելացրեց, որ երբ ավարտի աշխատանքը քաղաքում, կլուծի այս խնդիրը:

jur5

Քրիստինե Մարաբյան