Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան, սակայն հիմա աշխատում են ոչ թե նորընտիր իշխանությունները, այլ նրանք, ովքեր ընտրվել էին 2017 թվականին: Ի՞նչ, ե՞րբ և ինչպե՞ս կլինի ընտրություններից հետո, Jnews-ը ներկայացնում է, թե ինչպես պետք է լինի օրենքի համաձայն:
Հոկտեմբերի 2-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրեցին տեղական իշխանությունների ներկայացուցիչներին՝ քաղաքապետերին և Սակրեբուլոյի պատգամավորներին, 4 տարի ժամկետով
Մինչ նոր Սակրեբուլոյի առաջին նիստը գործող են համարվում նախորդ գումարման Սակրեբուլոյի պատգամավորները:
Նորընտիր քաղաքապետը սկսում է իր աշխատանքը 11-րդ օրը այն բանից հետո, երբ համապատասխան հանձնաժողովը, մեր դեպքում՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի Շրջանային հանձնաժողովները, կազմում են ընտրությունների վերջնական արձանագրությունը:
Վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ՇԸՀ-ի կողմից՝ ընտրություններից ոչ ուշ, քան 14 օր հետո:
Վերջնական արձանագրությունը պետք է ՇԸՀ-ի կողմից փակցվի տեսանելի վայրում՝ հանրային տեղեկատվության նպատակով:
Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո 5-օրյա ժամկետում Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը գրանցում է մանդատ ստացած պատգամավորներին և տալիս նրանց համապատասխան վկայականներ:
Շրջանային հանձնաժողովի վերջնական արձանագրությունը ԿԸՀ է ներկայացվում ոչ ուշ, քան դրա կազմման երկրորդ օրը: Մեկ լուսապատճենը մնում է ՇԸՀ-ում, իսկ ևս մեկ պատճեն փոխանցվում է Սակրեբուլոյի մանդատային հանձնաժողովին:
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում ՇԸՀ-ն ԿԸՀ կայքում հրապարակում է համապատասխան ընտրատարածքի Սակրեբուլոյի ընտրությունների արդյունքների տեղեկանքը:
Ամբողջ երկրով Սակրեբուլոյի առաջին նիստը ԿԸՀ-ն գումարում է վերջնական արդյունքների հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում: