Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նամակի միջոցով իրազեկել է հասարակական կազմակերպություններին այն մասին, որ իրենք դիմել են նահանգապետարան՝ անօթևան շների հետ կապված խնդիրները լուծելու հարցով, և որ այնտեղից դրական պատասխան է ստացվել:

2023 թվականի հուլիսի 13-ին մի քանի հասարակական կազմակերպություններ դիմել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո՝ առաջարկելով համատեղ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ անօթևան շների հետ կապված խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ գտնելու նպատակով։ Սակրեբուլոյին դիմել են «Բաց սահմաններ», «Կանաչ խաչմերուկ», «Ախալքալաքի բիզնես կենտրոն», «Ապագայի կորպուս», «Մեծահասակների կրթության կենտրոն», «Ախալքալաքի զարգացման խումբ (LAG)» հասարակական կազմակերպությունները։

Դրանից հետո հուլիսի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել բյուրոյի նիստ, որտեղ քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի անօթևան շների հարցը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպմանը տեղի իշխանությունների հետ քննարկել են անօթևան կենդանիների հետ կապված իրավիճակը, խոսել նաև շրջանում կիրառվող մեթոդի (թակարդում, ստերիլիզացում, վերադարձ նույն վայր) անարդյունավետության մասին։ Արդյունքում բյուրոն միաձայն որոշել էր համապատասխան նամակ գրել Սամցխե-Ջավախքի պետական ​​հանձնակատարի վարչակազմին՝ խնդիրը հետագայում համատեղ լուծելու համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատասխանը Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ​​հանձնակատարի վարչակազմից ստացվել է հուլիսի 31-ին։ Օգոստոսի 1-ին, սակրեբուլոյի այս պատասխանը ստացել են նաեւ Ախալքալաքի հասարակական կազմակերպությունները։

«№ 117-117232002 գրությանն ի պատասխան հայտնում ենք, որ շրջանի վարչակազմում նախաձեռնվել են համապատասխան ընթացակարգեր՝ անտուն կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ։

Հարգանքով՝ Դավիթ Վարդիաշվիլի, Պետական ​​հանձնակատարի առաջին տեղակալ»։

Նշենք, որ նամակում նշված չէ, թե ինչ խնդրի լուծման ինչ միջոցի մասին է խոսքը, սակայն, ըստ JNEWS-ի, շրջանում քննարկվում է անօթևան կենդանիների համար կացարան ստեղծելու հարցը, որը կլինի շրջկենտրոնում՝ Ախալցիխե քաղաքում։

Ախալքալաքում ամեն օր ակտիվորեն քննարկվում է անօթևան շների հարցը և բնակիչների վրա աճող հարձակումները, որոնց արդյունքում վերջիններս բաց վերքեր են ստանում։ Բնակիչները պահանջում են այս խնդրի լուծումը։