Կարիքավոր ընտանիքների համար անվճար վառելափայտը, ինչի համար նախորդ տարի միջոցներ էր հատկացվել, դեռեւս ձեռք չեն բերվել եւ չեն բաժանվել: Քաղաքապետարանում ասում են, որ խանգարել է ձմեռը եւ խոստանում են, որ շահառուներին, նրանք այդ վառելափայտը կբաժանեն ամռանը:

2018 թ. նոյեմբերի 21-ին, Վրաստանի կառավարության որոշմամբ, 6 բարձրալեռ շրջաններում, այդ թվում նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետում, սոցիալապես անապահով ընտանիքները պետք է ձմռան համար անվճար վառելափայտ ստանաին:

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագրից պիտի օգտվեր կարիքավոր 141 ընտանիք: Այս ցանկում ընդգրկված են երկուական ընտանիք մունիցիպալիտետի գյուղերից եւ 4-5 ընտանիք քաղաքից: Ձմեռն անցավ, իսկ հասցեատերերը դեռ սպասում են հասանելիք փայտին: Ախալքալաքի քաղաքապետարանի բնապահպանության ծառայության էկոլոգիայի պահպանության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին, մեր հարցին, թե ինչու ծրագիրը դեռ չի իրականացվել, պատասխանեց, որ ձմեռ էր, ճանապարհը փակ էր:

«Վաղը գնում եմ, որ վառելափայտը տեսնեմ եւ ուսումնասիրեմ իրավիճակը: Երկու ամիս շարունակ Գոգաշենի ճանապարհը փակ էր: Հունիսի վերջին բոլորը կստանան վառելափայտը», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:

Յուրաքանչյուր ընտանիք, ըստ ծրագրի, կստանա 2-3 խոր/մ վառելափայտ: Մունիցիպալիտետն այս տարվա հունվարին գործարար Տրիստան Զազաձեի հետ ուղղակի պայմանագիր էր կնքել, սակայն, ըստ Ռամազ Խուցիշվիլիի, ձյունը խանգարել է անտառից վառելափայտի դուրս բերմանը: Սկզբնական շրջանում այս ծրագրի համար հատկացվել էր 25 000 լարի, սակայն վարորդը այդ գումարը բավարար չի համարել և մունիցիպալիտետը 2019 թ. հունվարին ավելացրել էր եւս 5000 լարի: Արդյունքում, այս նախագծի արժեքը կազմում է 30 000 լարի:

Մնում է հուսալ, որ անցյալ ձմռան համար նախատեսված վառելափարը տեղ կհասնի հասցեատերերին գալիք ձմռանը:

Շուշան Շիրինյան