Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հրաժարականի որոշում է կայացրել։ Այսօր այսդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ «Կուճավան ինքը կբացատրի իր հրաժարականի պատճառը» և հայտարարել, որ «Վրացական երազանքը» խոսնակի պաշտոնում առաջադրելու է մեծամասնական պատգամավոր Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը։
«Կախա Կուճավան որոշում է կայացրել հրաժարական տալ։ Նա ինքը կբացատրի որոշման պատճառը։ «Վրացական երազանքի» քաղաքական թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան շատ դժվարին ժամանակաշրջանում խորհրդարանի նախագահի պաշտոնում շատ արժանի աշխատանքի համար։ Որոշումը հիասթափեցրեց ողջ թիմին, բայց մենք հարգում ենք այդ որոշումը։ Ըստ այդմ՝ որոշումը հաշվի է առնվել կուսակցության քաղխորհրդի կողմից։
Բնականաբար, Կախան կմնա մեր քաղաքական թիմի ղեկավարներից մեկը և կուսակցության քաղխորհրդի անդամ, նա կաշխատի շատ կարևոր պետական նախագծի վրա, որի մասին մանրամասն ավելի ուշ կներկայացնենք։
Կուսակցության քաղաքական խորհրդի և խորհրդարանական մեծամասնության որոշմամբ՝ Շալվա Պապուաշվիլին կառաջադրվի Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Կոբախիձեն։
Կախա Կուճավան Վրաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել 2021 թվականի ապրիլի 27-ին կայացած լիագումար նիստում։ Նա այս պաշտոնում փոխարինել էր Արչիլ Թալակվաձեին։ Իշխող կուսակցությունն այս փոփոխություններն անվանել են «ռոտացիա»։
Կուճավան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է դարձել 2016 թվականին և վերընտրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքներով։ Մինչ այդ նա աշխատել է որպես «Georgian Copperand Gold» երկրաբանական ընկերության գլխավոր տնօրեն, «Կովկասյան հանքային ջրեր» ընկերության գլխավոր տնօրեն։ Նախկինում նա նաև պաշտոններ է զբաղեցրել Միջազգային առևտրի պալատում, Միջազգային ֆինանսական կորպորացիայում, եղել է Կարմիր Խաչի ընկերության խորհրդատու և «Մգալոբլիշվիլի, Ղիփիանի, Ձիձիգուրի» իրավաբանական ընկերությունում՝ իրավաբան: