Վերջին մեկ տարում Վրաստանում ռեստորանների գներն աճել են մոտ 20-30%, bm.ge-ին տված հարցազրույցում հայտնել են ռեստորանների սեփականատերերը:

Թբիլիսյան հայտնի «Շավի Լոմի» ռեստորանի սեփականատեր Մերիկո Գուբելաձեն ասում է, որ գներն ավելի մոտ են եվրոպականին: Նոր սակագներից իրենց դժգոհությունը չեն թաքցնում անգամ զբոսաշրջիկները։

«Մենք պետք է գները բարձրացնեինք առնվազն 30 տոկոսով… Մեր մոտ գները գրեթե եվրոպական են։ Գներն այլևս մեկից չեն սկսվում, ամեն ինչ սկսվում է երկուսից և բարձր: Դա շատ թանկ է մեր երկրի համար, բայց հակառակ դեպքում մենք չենք գոյատևի»,- ասում է Գուբելաձեն։

Աճի հիմնական պատճառը երկնիշ գնաճն է և սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտային ծախսերի բարձրացումը:

«Մեկ պարկ ալյուրն արժեր 47 լարի, իսկ հիմա՝ 120։ Նույնը կարելի է ասել շաքարավազի, կարագի մասին՝ ցանկը հսկայական է։ Սա աղետ է։ Տեղական ապրանքները, որոնք արտադրվում են Վրաստանում, և դրանց գներն աճում են այնպիսի տեմպերով, որ մենք՝ ռեստորաններս, չենք կարող հետևել գնաճին»,- ասել է Վրաստանի ռեստորանատորների ասոցիացիայի նախագահ Կոտե Գաբրիչիձեն։

Թանկացումները շարունակվում են. Ռեստորանները չեն կարողանա գոյատևել՝ պահպանելով այն սակագները, որոնք գործում էին կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, ասում է Թբիլիսիում գործող «Տաշրե» ռեստորանի գլխավոր տնօրեն Մակա Ցաբուտաշվիլին։

«Գները բարձրացել են մոտ 15-20 տոկոսով, իսկ աճի տեմպերը դեռ կան։ Մեզ դա նույնպես դուր չի գալիս, առավել ևս, թե ինչպես կարող է դա դուր գալ սպառողներին, բայց մենք պարզապես չենք կարող հավասարակշռություն պահպանել ապրանքների ուռճացված գների ֆոնին: Մենք դա անում ենք, քանի որ ցանկանում ենք պահպանել բիզնեսը»,- ասել է Ցաբուտաշվիլին:

Վրաստանում տարեկան գնաճը սկսել է աճել 2021 թվականի մարտից։ 2022 թվականի մայիսին այդ ցուցանիշը կազմել է 13,3%, իսկ հունիսին՝ 12,8%:

Ամենաշատը թանկացել են պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները՝ տարեկան կտրվածքով աճելով 21,8%-ով։ Տրանսպորտային խմբում արձանագրվել է 19,4%-ի աճ, իսկ կոմունալ ծառայությունների մասով՝ 13%-ով։

Աղբյուրը՝ Newsgeorgia.ge